Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/281

Այս էջը սրբագրված է

ՆՈՐԵՆ ՆԱՊՈԼԻՈՒՄ

Վերադարձանք Նապոլի խոր տպավորության ներքո։

Ցավում էի, որ այդքան ուշ եմ տեսնում Հռոմը։ Մարդ որքան շատ է դիտում արվեստի հրաշալիքները, այնքան շատ է սիրում կյանքը։ Սակայն այն արվեստն է ազդեցիկ, որ կյանքի արտադրությունն է։ Ըստ իս ամենահանճարեղ դասականները ամենախոր ռեալիստներն են. այսպես են հունական ու հռոմեական արվեստները, մանավանդ արձանագործությունը։ Ռեալիզմը ինքնըստինքյան պարունակում է իր մեջ և էմպրեսիոնիզմը, և սխալ է կարծել, որ անբնականը կարող է տպավորվել մարդու հոգու վրա։

Ժամանակակից և հին հռոմեական արձանագործության մեջ կա ահագին անդունդ նրբության տեսակետից։ Նույն անդունդը կա նույն տեսակետից հին հունական և հին հռոմեական արձանագործության մեջ։ Երբ թանգարանի մի սրահից անցնում եք մյուսը, զգում եք, որ մի ուրիշ աշխարհ տեղափոխվեցիք։ Հարկավ յուրաքանչյուրը ունի իր բարձրությունը, բայց ես խոսում եմ տպավորության աստիճանների մասին։ Փարիզի Լյուքսեմբուրգում կան ժամանակակից հրաշակերտներ, բայց դրեք այնտեղ ոչ հունական, այլ նույնիսկ միջին դարերի մի գործ և կտեսնեք, թե որքա՜ն նսեմանում են նրանք։

Որքան մեծ է ժողովուրդի հետաքրքրությունը դեպի արվեստները, այնքան մեծ են նրա արվեստագետները։ Երբ Բենվենուտո Չելինիի որևէ արձանը ձուլվում էր, ամբողջ Հռոմը հետաքրքրվում էր՝ արդյոք պղինձը հաջո՞ղ դուրս կգա։ Այժմյան արվեստները ծառայում են շուկային, իբրև ստրուկ։ Այժմյան արտիստը պատվեր է փնտրում և այն պատվերն է ընդունում, որ առատ է վարձատրվում։ Այսպես են ամենքը, այսպես էր նույնիսկ Ռոդենը, որ վերջերը դարձել էր կատարյալ մի էնտյուսթրիըլ, չնայելով որ ուներ ահագին հարստություն։ Այդպես չէին Ֆիդիասը, Պրաքսիտելը, այսպես չէին և հռովմեական արտիստները։

Նախկին տպավորություններս վերստուգելու համար