Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/284

Այս էջը սրբագրված է

զինվորական պարտքը մայր հայրենիքին վճարելուց հետո վերադառնում էին դեպի իրանց սովորական աշխատանքը, Ամերիկա։ Վաճառականներ էին, արհեստավորներ և մեծ մասամբ հյուրանոցների և ճաշարանների տերեր։ Շուտով բարեկամացա մի քանիսի հետ։ Մեկը նրանցից ինձ զգուշացրեց իր հայրենակիցների դեմ։

— Նյու-Յորքի նավահանգիստը հասնելով, դուք կհանդիպեք տիպերի, որոնք կառաջարկեն ձեզ իրենց ծառայությունը։ Դրանք մեծ մասամբ իտալացիներ են և մասնավորապես նապոլիտացիներ Մի՛ ընդունեք նրանց ծառայությունը։ Ցավում եմ ասել, որ իմ հայրենակիցները Ամերիկայում գովելի վարք չունեն։

Այս պարզախոսությունը ինձ մի փոքր տարօրինակ թվաց։

Նապոլիից մինչև Պալերմո 12 ժամվա ճամփա է։ Ծովը հանդարտ էր, նավը կանգ առավ և ամբողջ օրը մնաց Պալերմոյի առջև։ Որքան էլ գեղեցիկ լիներ այդ քաղաքը հեռվից, չունեցա ցանկություն նրան տեսնել մոտիկից, աչքի առջև ունենալով իտալական քաղաքների անխուսափելի աղտոտությունը, որ այնքան փչացնում է ճամփորդի տպավորությունը։

Անցանք Թունիսի ջրերով։ Ափերը չեն երևում, բայց աֆրիկյան մթնոլորտը արդեն զգացվում է։ Մոտենում էինք Ալժիրի ջրերին։ Ահա հետզհետե ծովի մակերեսի վրա գծագրվում է Աֆրիկայի հողը։ Ահա երևում են տներ և խոշոր զորանոցներ։ Ի՜նչ հարուստ բուսականություն։ Չէի երևակայում։

Նապոլիից մինչև Ալժիր քաղաքը երեք օրվա ճամփա է, և նավը կտրում է Միջերկրականի լայնությունը։ Քաղաքը մեծ չէ. նրա ճերմակ տները տեղավորված են իրարու կռնակին այնքան սեղմ, որ ամբողջ քաղաքը մի միապաղաղ շինության տպավորությունն է անում, ինչպես մի բուրգ։

Շոգենավը այստեղ պիտի մնա 3 օր՝ ջուր և ածուխ վերցնելու համար։ Եկան խարխուլ նավակների վրա արաբ կուլիների խմբեր։ Աստվա՜ծ, որքան նիհար են նրանք, որքա՜ն արագաշարժ և արագախոս։ Մոտեցան ածխակիր նավերը, և աշխատանքը սկսեց եռալ։ Կուլիները սև և տաժանակիր