աշխատանքը կրում են նույն թեթևությամբ, ինչպես եգիպտացի ֆելլահները։ Մինչ մի ուրիշ երկրի բանվորը պիտի տքներ և հեծեր ածուխի կապարյա ծանրության ներքո, կուլին շարունակ երգում է ու զվարճախոսում. փույթ չէ, որ նրա փոխարեն հեծում է նրա հարստահարված հայրենիքը օտարների բռունցքի տակ։ Ո՞վ գիտե, գուցե ապագա պատմությունը այդ ածուխի սև փոշիով մրոտն նույն օտարի տիրապետությունը, իբրև հավիտենական նախատինք մարդկային անարդարության։
3 օրվա դառն աշխատանքը վերջացավ։ Կուլիները, ստանալով իրանց ողորմելի օրավարձը, հեռացան իրանց նավակների վրա, օդը լեցնելով բարձրաձայն ծիծաղով ու քրքիջով։ Նավը, որ ծածկվել էր սև փոշիով, ծայրեիծայր լվացվեց նավաստիների ձեռքով։ Ճամփորդները շունչ առան։
Իջա ծովափ քաղաքը դիտելու։ Մի փոքրիկ հրապարակ ծովի եզրում, այնուհետև աջ ու ձախ և դեմառդեմ ձգվում են նեղ ու զառիվեր փողոցները։ Հրապարակի մի ծայրում կա մի փոքրիկ մզկիթ, ջերմ եռանդ մուսուլմանները, մեկիկ-մեկիկ մտնելով նրա գավիթը, ավազանի մեջ թրջում են իրանց բազուկները ու երեսը ջրով և մտնում մզկիթ իրանց կեսօրվա նամազը կատարելու։ Լուռ են նրանք և խորհրդավոր, ինչպես սֆինքսներ։ Նրանք ճերմակ ծածկոցները ֆռֆռում են օդի մեջ, որպես կատաղի մոլեռանդության խորհրդանշաններ։ Բարձրահասակ են նրանք, գեղակազմ և հպարտ իրենց կրոնամոլության մեջ։ Նրանց բրոնզագույն դեմքերը հիշեցնում են միջնադարյան արձաններ, անդորր և անզգա։ Կարծես չկա երկրի երեսին մի երևույթ կամ մի հրաշք, որ զարմացնե նրանց, որ շարմե նրանց երեսի մկանունքը։ Պարզ երևում է, որ նրանց հոգին կենտրոնացած է Ղուրանի ու միայն Ղուրանի վրա և այնտեղ է տեսնում ոչ միայն իր հավիտենական, այլև ներկա երջանկությունը։ Ի՞նչ փույթ նրան, որ երկիրը գրավել է գյավուրը և ծծում է նրա հարստությունը։ Ի՞նչ փույտ նրան, որ ճերմակ քաղաքի բոլոր հարուստ տները ու շքեղ խանութները իրենը չէ, և ինքը ուրիշ ոչինչ է, եթե ոչ ստրուկ։ Նա ազատ է դավանելու իր կրոնը, նա ազատ է ծնկաչոք աղոթելու մզկիթներում, որքան կամենում է։ Եվ