Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/286

Այս էջը սրբագրված է

այսքանը բավական է նրան։ Նույնը բավական է և գյավուրին, որպեսզի նա իր կեղեքիչ ճանկը ավելի ու ավելի խորը խոթե երկրի կրծքի մեջ։

Ալժիրի ջրերից անցանք Մարոքի ջրերը։ Եվրոպական ափերը հետզհետե գծագրվում են ջրի երեսին։ Միջերկրականի լայնությունը քանի գնում կրճատվում է, և ահա մենք Ջիբրալտարի նեղուցի մեջ ենք։ Դեպի ձախ՝ Աֆրիկայի, դեպի աջ՝ Սպանիայի ափերը։ Ինչպես Բոսփորն է մերձեցնում Ասիան Եվրոպային, նույնպես Ջիբրալտարը մերձեցնում է Եվրոպան Աֆրիկային, այն տարբերությամբ, որ Ջիբրալտարի նեղուցը երկու-երեք անգամ ավելի լայն է Բոսփորից։

ՕՎԿԻԱՆՈՍԻ ՎՐԱ

Առաջին անգամն էի ոչ միայն ճամփորդում, այլև տեսնում օվկիանոսը։ Երբ երկիրը բոլորովին աներևութացավ, ինձ պաշարեց մի տարօրինակ թախիծ։ Թվաց ինձ, որ բոլորովին անջատվեցի երկրագնդից և ընկա նոր տարերքների գիրկը։ Մռայլ է այն միտքը, թե 8—10 օր պիտի մնաս ենթակա այս անհուն տարածության քմահաճույքներին։ Շատ եմ ճամփորդել ծովերով, շատ եմ տեսել փոթորիկներ, բայց երբեք ծովերը ինձ այնքան երկյուղ չեն ներշնչել, որքան օվկիանոսը, նույնիսկ իր անդորրության մեջ։

Այնտեղ ծովերի վրա երկիրը գրեթե միշտ քովդ է և, եթե երբեմն չի երևում, կարծես հովանավորում է քեզ։ Այստեղ ջրի և երկնքի մեջ ես, և այն միտքը, թե մի քանի մղոն է այդ ջրի խորությունը, ճնշում է քո հոգին։ Փրկության օղակը, որ կախված է քո անկողնի գլխին կամ քո բարձի տակ, թվում է քեզ ծաղր։ Նույնն են թվում քեզ և շոգենավի ամենավերին տախտակամածի վրա շարեշար կանգնած փրկարար նավակները։ Բայց օվկիանոսը հանդարտ էր․ ոչ մի թեթև հողմ ջրերի հարթ մակերևույթի վրա, ուրախ-ուրախ ցատկոտում էին չարաճճի դելֆինները, աջ ու ձախից ուղեկցելով մեզ հեռո՜ւ, հեռո՜ւ։

Մի առավոտ կեսօրեն հետո հանկարծ շոգենավի սուլիչը