Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/289

Այս էջը սրբագրված է

ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ

Առաջին օրերը

Շոգենավը կես ժամի չափ կանգ առավ Հըտսընի առջև։ Շոգեշարժ նավակներով եկան ինչ֊որ պաշտոնյաներ, կատարեցին ինչ֊որ ձևակերպություններ։ Այդ միջոցին նայեցի դեպի օվկիանոս և զարմացա։ Այնտեղ, ոչ այնքան հեռավոր հորիզոնի վրա, օդի մեջ նկարված էին ոսկյա տներ ու աշտարակներ, մի ամբողջ քաղաք։

— Ի՞նչ է այդ, — գոչեցի ես, չկարողանալով զսպել հիացումս։

— Դա Գոնի Այլէնտ է. զվարճալի է նա Նյու-Յորքից մի քանի տասնյակ կիլոմետր հեռու։

Չնայելով, որ արեգակը տակավին չէր թաքնվել, այնտեղ էլեկտրական միլիոնավոր լապտերները լուսավառվել էին շինությունների վրա, ու հեռվից քաղաքը թվում էր ոսկեղեն։

Շոգենավը հանդարտիկ մտավ Հըտսըն և մերձեցավ հսկայական նավահանգստին։ Արդեն վաղուց երևում էին Նյու-Յորքի հռչակավոր «երկինք քերողները» և ամենից առաջ Սինկըրի տունը։

Նորեն ձևակերպություններ, նորեն խոչնդոտներ։ Նավի ընդարձակ սալոնը լեցվեց բազմաթիվ պաշտոնյաներով, որոնք պիտի քննեին մեր թուղթերը։ Ես զգացի իմ անզորությունը, լեզու չգիտեի։ Բարեբախտաբար, գտա մի պաշտոնյա, որ գիտեր մի քանի բառ ֆրանսերեն։ Նա հանձնեց մեզ մի թխադեմ ու սևաչյա օրիորդի, որ նույնպես պաշտոնյա էր։ Օրիորդը մաքուր ֆրանսերենով տվեց մեզ մի շարք հարցեր։

— Ի՞նչ ազգից եք,— հարցրեց նա ի միջի այլոց։

— Հայ ենք։

Օրիորդն ժպտաց սիրալիր։

— Ձեր անունը։

— Շիրվանզադե։

Օրիորդը գրիչը ձգեց սեղանի վրա և ոտքի ելավ, գոչելով.