Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/290

Այս էջը սրբագրված է

— Ահ, դուք եք. թույլ տվեք ներկայանալ. ես հայուհի եմ։

Եվ մենք խոսեցինք այնուհետև հայերեն։

— Ես իսկույն կհայտնեմ ձեզ հարգողներին՝ քաղաք։

Նա վազեց դեպի տելեֆոն, ծառաներին հրամայելով դուրս տանել մեր իրեղենները։

Ա՜հ, սիրելի հայրենակցուհի, ցավում եմ, որ մոռացել եմ քո անունը։

Երբ մաքսատնից վերադարձա շոգենավիս սալոնը՝ մի ժամից հետո, ամերիկյան պաշտոնյաները արդեն հարբած էին։ Նավը հարուստ էր իտալական ըմպելիքներով և ազատ' ամերիկյան օրենքներից։

Ինձ ասացին, որ ամեն անգամ, երբ оտար նավ է գալիս, ամերիկյան պաշտոնյաները երերվելով են հեռանում նրա սալոններից, և կառավարությունը չի պատժում նրանց։

Հազիվ անցել էր կես ժամ օրիորդի հեռանալուց, երբ օթոմոբիլով եկան երեք հայ երիտասարդներ մեզ դիմավորելու։

— Մենք հայ Դրամատիկ Ընկերության Ներկայացուցիչներն ենք,— ասացին,— թույլ տվեք ձեզ առաջնորդել։

Հարկավ խորին շնորհակալությամբ ընդունեցի հյուրընկալ հայրենակիցներիս առաջարկությունը։ Նրանք մեզ առաջնորդեցին քաղաքի կենտրոնական մասում գտնվող մի միջնակարգ հյուրանոց, ուր և վարձեցին երկու ընդարձակ, լուսավոր և մաքուր սենյակներ, օրական 8 դոլլարով։

— Հանգստացեք ձեր ճամփորդութենեն․ վաղը կուգանք նորեն,— ասացին ու հեռացան երիտասարդները։

Առաջին տպավորությունս հաճելի էր։ Հաճելի էր ինձ համար դիտել հեռավոր հայրենիքի խորքից գաղթած այդ երիտասարդների վառվռուն դեմքերը, եռանդուն շարժումները։ Ամերիկյան դրոշմն էր երևում նրանց յուրաքանչյուր շարժման և արտասանության վրա։

Մյուս օրը, չսպասելով հյուրընկալ երիտասարդների գալստյան, դուրս եկա՝ քաղաքը պտտելու․ չէի կարող համբերել։