կարողանա երևակայել նախ՝ նրա շարժումը, ապա՝ նրա լուսավառությունը։
Մի օր, հետաքրքրությունից դրդված, ես համրեցի Ֆիֆթ ավընյուի վրա անցնող օթոմոբիլները և, 20 րոպեի մեջ, ես համրեցի երկու հազար։ Փարիզի շարժումը խաղալիք է Նյու-Յորքի համեմատ։ Ինձ ասացին, Նյու֊Յորքը ունի մեկ միլիոն օթոմոբիլ, այսինքն՝ յուրաքանչյուր 7 հոգուն մեկը. մինչ Փարիզն ունի 50 հոգու համար մի օթոմոբիլ։ Սակայն, վիճակագրությունը ցույց է տալիս, որ Նյու-Յորքում արկածների թիվը ավելի պակաս է, քան Փարիզում։ Ըստ իմ դիտողության, դրա պատճառը ոչ այնքան ոստիկանական կարգապահությունն է, որքան ժողովրդի բնավորությունը։ Ֆրանսիացին անհամեմատ պակաս կարգասեր է, քան ամերիկացին և բնավ սառնասիրտ։ Որքան և փողոցներում շարժումը մեծ լինի, ամերիկացին չի վազում, չի շտապում. հասնելով փողոցի անկյունը, նա համբերությամբ սպասում է այն վայրկյանին, երբ ոստիկանի ձեռափայտը նշան է անում նրան անցնելու։ Ֆիֆթ ավընյուն անցնելու համար սպասելու նշանը տրվում է բարձր երկաթյա աշտարակներից, էլեկտրական գունավոր լույսերով։ Եթե անցորդը մի մայթից մյուսը անցնե ոչ փողոցի անկյունով, այլ միջով կամ առանց նշանին սպասելու, կառավարը պատասխանատու չէ նրա արկածի համար։
Մի բան ինձ զարմացրեց առաջին իսկ օրը՝—ձեռնափայտի բացակայությունը։ Ես չտեսա մի ամերիկացի, երիտասարդ թե ծեր, որ ձեռնափայտ ունենար, չտեսա նաև մի ծերունի, որ քայլեր ձեռները մեջքի վրա դրած։ Արդարև, զարմանալի ամուր և կանգուն է ամերիկացիի մեջքը։ Նա քայլում է գլուխը միշտ բարձր պահած, միշտ նայելով դեպի հեռավոր հորիզոնը։ Այդ տեսակետից առանձնապես աչքի են ընկնում մանավանդ ամերիկուհիք։ Ուրախ, կայտառ անցնում են նրանք, արագ, բայց հպարտ քայլերով և նայում են մարդու երեսին համարձակորեն։ Գեղեցիկ են նրանք, գեղեցիկ է մանավանդ նյու-յորքուհին։
Ո՞վ ասաց, որ ամերիկուհին ճաշակ չունի։ Ես ոչ մի տեղ չեմ տեսել ոչ միայն այնքան հարուստ, այլև այնքան շնորհալի