Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/293

Այս էջը սրբագրված է

հագնված հագնված կանայք, որքան Նյու-Յորքում։ Եվ ի՛նչ համակրելի են նրանց դեմքերը որքան մեղմության և բարություն կա նրանց աչքերի մեջ։ Երբեմն կատարյալ մանկական է նրանց հայացքը, և դու, կամա-ակամա համակրում ես նրան։ Սակայն զգույշ։ Չլինի թե հափշտակվիս, կնամոլ ասիացին այստեղ դեր չունի, նա չի կարող իր վավաշոտ հայացքր բեվեռել որևէ անծանոթ ամերիկուհիի վրա։ Ոչ մի երկրում կինն այնքան պաշտպանված չէ լկտի անցորդներից, որքան Ամերիկայում։ Բավական է, որ դու քո անհամեստ նայվածքով ձանձրացնես մի կնոջ, և ահա նրա հրամանով ոստիկանը քեզ կձերբակալե։

Նույն չափով պաշտպանված են և մանուկները։ Փողոցներում նրանք ազատորեն խաղում են, վազվզում, թռչկոտում, խանգարելով անցորդների երթևեկը։ Ոչ ոք ունի իրա վունք նրանց վրա բարկանալու։

Հարկավ, կանայք երբեմն ի չարն են գործ դնում իրանց արտոնությունը։ Բայց օրենքի պաշտպանությունը շատ փորձանքներից է ապահովում գեղեցիկ սեռը։

Տղամարդիկ հանգիստ են, որ իրանց կնոջը կամ քրոջը ոչ ոք չի կարող դրսում վիրավորել մենակ եղած ժամանակ, գիշերվա որ ժամին որ լինի։

Չպիտի կարծել, որ օրենքն է միայն զսպում ամերիկացի տղամարդին՝ կնոջ վերաբերմամբ։ Իր բնավորությամբ նա ժուժկալ է և պարկեշտ։ Նա գիտե հարգել կնոջը, ոչ իբրև թույլ էակի, այլև իբրև հավասար մարդու։ Նախ և առաջ մարդն է, որ նա տեսնում է յուրաքանչյուր կնոջ մեջ։ Կինը նրա աչքում հաճույքի առարկա չէ, այլ հավասար մի էակ, հավասար յուր հոգեբանությամբ։ Երբ ամերիկացին, «ասանյոր»-ի մեջ կին տեսնելով, գլխարկը վերցնում է, զգում եք, որ դա շողոքորթություն չէ, այլ իսկապես հարգանք։ Շատ եմ տեսել ռուսներ և ռուսահայեր, որոնք ստրկորեն թեքվում են կնոջ ձեռքը համբուրելու՝ այն պահին, երբ նրանց աչքերի արտահայտությունը նողկանք է ազդել իմ վրա։ Ամերիկացու դեմքը, կնոջ ներկայությամբ, երբեք չի արտահայտում վավաշոտություն։