Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/298

Այս էջը սրբագրված է

անցորդի մասին հարցնում ես մեկին—ո՞վ է անծանոթը — նա ոչ թե անունը կամ արհեստն է ասում, այլ պատասխանում է. հնչակյան է կամ ռամկավար, կամ դաշնակցական։ Մի օր նախաճաշում էի մի հայկական ճաշարանում, ներս մտան մի խումբ անծանոթ հայեր։ Ճաշարանի տերը մի փոքր շփոթվեց, երբ այդ մարդկանց չէր տեսել։ Ես հարցրի նրան.

— Ո՞վքեր են։

— Չեմ ճանճնար, բայց հավանական է, որ վերակազմյալ ըլլան։

— Ինչե՞ն գիտեք։

— Ճանըմ, քալվածքներեն։

Հայտնվեց, որ մարդիկ սոսկ հայ մասնագետներ են։ Նրանցից մեկը մոտեցավ ինձ և ասաց.

— Վարպետ, ընկերներուս կողմ են պատիվ ունիմ ձեզ հրավիրելու այսօր ճաշի։

— Ներեցեք հարցնել, դուք ովքե՞ր եք։

— Մասնագետները զանազան ճյուղերի։ Եկել ենք Ամերիկայի այլևայլ կողմերեն մեր տարեկան ընդհանուր ժողովին։ Այսօր մեր նիստերը ավարտեցան և ահա այս առիթով ունինք ընկերական ճաշ։ Հույսով ենք, թե կբարեհաճեք գալ։

— Ուրախությամբ։

Երեկոյան գնացի։ Մի միջնակարգ պանդոկի սրահում հանդիպեցի 30—40 տակավին երիտասարդ հայերի։ էնժեներներ էին, ճարտարապետներ, մեքենապետներ և այլն։ Ճաշի ընթացքում արտասանվեցին մի շարք հուզումնալից ճառեր, որոնցից զգացի, թե որքան մոտ է մարդկանց հոգին հայրենիքին։ Դա ինձ համար Նյու-Յորքում անցուցած լավագույն ժամերից մեկն էր։

ԱՑՍԲՐԻ ՊԱՐԿՈՒՄ

Մի խումբ թատերասերներ ցանկություն հայտնեցին իմ պիեսներից մեկը խաղալ իմ ղեկավարությամբ։ Ես, հարկավ, շնորհակալությամբ ընդունեցի այդ սիրալիր առաջարկը, քանի որ, Կ. Պոլսից սկսած, ես այդ միջոցով էի լրացնում իմ ճամփորդության