Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/299

Այս էջը սրբագրված է

ծախքերը։ Բայց տաքերը արդեն սկսել էին, ուստի ներկայացումը հետաձգվեց աշնան։ Ես Մարգարիտի հետ տեղափոխվեցի օվկիանոսի ամառանոցներից մեկը, Այսբրի պարկը, որ Նյու-Յորքից 2/2 ժամվա ճամփա է։ Շաբաթը մի կամ երկու, անգամ գալիս էի քաղաք՝ փորձերը ղեկավարելու։

Նյու-Յորքի շոգերն ամառը անտանելի են՝ ավելի քան Թիֆլիսինը։ Տների բարձրությունը, գործարանների մուխը, օթոմոբիլների ծուխը գոյացնում են մի խեղդուկ մթնոլորտ: Բնակիչները միակ զովությունը ստանում են արագաշարժ օթսպյուռների վերին հարկերի վրա։ Ճշմարիտ է, Նյու-Յորքը ունի մի ահագին պարկ, բայց այնտեղ ծառերը այնքան նիհար են և խեղճուկ, որ հազիվ կգտնվի մի ստվեր։ Երեկոները, հոգնած բազմության միջոց ունեցող մասը վազում է օթոմոբիլներով քաղաքից դուրս։ Այնտեղ կան ընդարձակ և գեղեցիկ ճամփաներ և ծառուղիներ՝ օվկիանոսի կամ Հըտսընի ափերի վրա։ Այս ու այնտեղ տեսնում եք գույնզգույն ղամբարներով առատորեն լուսավորված ճաշարաններ։ Թող ռուսը կամ կովկասցին չմոլորվի, ոգելից ըմպելիքներ չկան։ Ամերիկյան կառավարությունը դաժանորեն պատժում է թ՛ե վաճառողներին և թ՛ե խմողներին, բայց, ավա՜ղ, չկա օրենք, որ չունենա փախչելու ելք։ Շատ անգամ եմ ճաշել ու ընթրել Նյու-Յորքի պանդոկներում կոնյակով և գինիով. հարկավոր է միայն կաշառել սպասավորներին, որոնց հոգեբանությունը շատ լավ ուսումնասիրել էր իմ բարեկամ Մ. Թաշճյանը։ Նույնչափ գիտեին սպասավորների մերժումը հաղթել և իմ մշտական հաճելի ուղեցույցներ և սեղանակիցներ՝ Հայկ Հրամանատրյանը և Առաքել Թաթիլյանը։ Այս երեք սիրելի հայրենակիցներից եմ պարտ Նյու-Յորքում անցուցած ժամանակիս մեծ մասը։

Այսբրի պարկում ժամերով զբոսնում էի օվկիանոսի ափերում և դիտում ամերիկացիի ամառային կյանքը։ Ամբողջ օրը ծովը լեցուն էր լողորդներով․ այստեղ, ինչպես և Ֆրանսիայում, կանայք և տղամարդիկ միևնույն լողարանը ունին։ Մայրերը, առանց շփոթվելու, թույլ են տալիս իրանց աղջկերանց լողալ թեկուզ անծանոթ երիտասարդների հետ։