Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/300

Այս էջը սրբագրված է

են նրանք, որ առաքինությունը այս մերձավորությունից բնավ չի տուժի և որ յուրաքանչյուր աղջիկ իր ուսերի վրա գլուխ ունի։

Բայց ահա անհասկանալին, նեգրերի լողարանը զատ է․ և վա՜յ այն սևամորթին, որ կմերձենա ճերմակների լողարանին։ Առհասարակ ամերիկացիների ատելությունը դեպի սևամորթները անսահման է. սևամորթը չունի իրավունք ճերմակ կնոջ հետ որևէ տեղ երևալու, որքան ևս նա լինի հարուստ կամ դիրքավոր։ Նա զգույշ է, վասնզի գիտե, որ անմիջապես կենթարկվի լինի օրենքին։ Իսկ դուք գիտեք, որ այդ օրենքը չի ճանաչում ոչ մի մարդասիրություն և չունի ոչ մի պատասխանատվություն։ Գուցե ամերիկացին ունի իրավունք իր արյունը անխառնուրդ պահելու համար, գարշելու սևամորթից, բայց և այնպես այս անմարդավայել խտրականությունը վատ է ազդում ճամփորդի վրա։

Ֆրանսիայում դուք չեք տեսնիլ նույն խտրականությունը սևերի վերաբերմամբ։ Այստեղ նրանք ֆրանսիացիներին հավասար քաղաքացիներ են, և ես չեմ նկատում, որ Ֆրանսիան դրանից տուժած լինի։

Նեգրերը Ամերիկայում, ընդհանուր առմամբ, առողջ են, բարձրահասակ, ամրակազմ։ Արդարև ես ժամերով հիանում էի նրանց բրոնզյա մարմնի կանոնավոր կազմվածքով և մանավանդ մկանունքների ճկունությամբ։ Կանոնավոր և, եթե կամենաք, նույնիսկ գեղեցիկ են և նրանց դեմքերի գծերը։ Նույնը չեմ կարող ասել կանանց մասին․ նրանք ևս բարձրահասակ են ու ամրակազմ, բայց գեղեցիկ չեն դեմքով։ Ասում են «նեգր»-ները չափազանց հանդուգն են, և, եթե նրանց տրվին ճերմակների հավասար իրավունքներ, կդառնան վտանգավոր։ Չգիտեմ, բայց նրանք երևելի սպասավորներ են և ծառաներ, ոչ մի եվրոպացի ծառա, արագության կողմից, չի կարող մրցել նրանց հետ։ Պանդոկներում բավական է, որ մատդ սեղմես զանգակի կոճակին, և ահա վայրկյան չանցած նեգրը ցցված է քո առջև՝ լուռ, որպես արձան։ Նույնն է նեգր սպասավորը ամենուրեք՝ և՛ ճաշարաններում, և՛ երկաթուղու գնացքներում, և՛ կայարաններում։

Այսբրի պարկը Նյու-Յորքի ծովափնյա լավագույն