Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/303

Այս էջը սրբագրված է

ապա ես ցույց կուտամ, թե ինչպես պետք է աշխատել... Եվ նա աշխատում է սոսկալի համառությամբ ու տոկունությամբ, արհամարելով ձմեռվա սառնամանիքը, ամառվա շոգը։ Անցնում է մի քանի տարի, և ահա նա ոտքի վրա է՝ արհեստավոր թե առևտրական, արդեն նա իր գլխի տերն է։ Երբ արդեն փոքրիշատե կուշտ է նրա ստամոքսը, հայրենիքի վիճակն է, որ պաշարում է նրա հոգին։

Ես սիրում էի գիտել այդ հային խանութներում, ճաշարաններում, փողոցներում, արհեստանոցներում, նրա զվարճության և աշխատանքի ժամանակ, նրա թախծալի դեմքը ինձ մռայլ էր ներշնչում, բայց նրա ձեռների ճկունությունը և բազուկների ամրությունը ոգևորություն էին տալիս ինձ։ Ոչ, այդ ժողովուրդը չպիտի կորչի, չի կարող կորչել, քանի որ գիտե այդպես մաքառել դաժան կյանքի անիրավությունների դեմ։ Փույթ չէ, որ նա հայրենիքից հեռու է, այնտեղ է նրա սիրտը, այնտեղ են նրա իղձերը. և երբ հայրենիքը կվերականգնվի, նա կերթա այնտեղ։ Այո, կերթա աշխատավոր դասակարգը, իսկ հարո՞ւստը... թույլ տվեք կասկածել նրա վերադարձի մասին։

ՄԻ ՔԱՆԻ ԳԾԵՐ

Ամերիկահայերը մի գեղեցիկ սովորություն ունին. գարնան և ամառը, նաև աշնան մի մասը, ազատ օրերը անց են կացնում դաշտերում։ Այդտեղ նրանք տալիս են ցերեկույթներ «Դաշտահանդես» անունով։ Չի կարելի ասել, որ Նյու-Յորքի շրջակայքերը գեղեցիկ են, ինչպես, օրինակ, Փարիզի շրջտկայքը. պակասում է առատ բուսականությունը։ Բայց, չունենալով ավելին, աշխատավոր դասակարգը բավականանում է և եղածով։ Այստեղ է, մանավանդ, որ լսում ես գաղթական հայի ծանր հառաչանքները։ Չոր ու ցամաք դաշտը նրա հոգին սլացնում է դեպի իր հայրենիքի զով ձորերը և կանաչաբույս մարգերն ու արոտները։ Բանախոսում են դաշտահանդեսներում քաղաքահան անցքերի մասին, երգում, նվագում, երբեմն պարում են հայկական պարեր և հետո