Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/307

Այս էջը սրբագրված է

ԱՐՎԵՍՏՆԵՐԸ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Արվեստների տեսակետից Ամերիկան գրեթե ոչինչ հետաքրքրություն չի ներկայացնում։ Նրա բարձրաշեն տները ճարտարապետական սիստեմ չունին, մեծ քաղաքների փողոցները զուրկ են արձաններից և աղբյուրներից, այսինքն՝ այն բաներից, որոնք կազմում են Հռոմի և Փարիզի գլխավոր գեղեցկությունը։ Այստեղ փողոցներում խաղացող մանուկների ճաշակը կրթելու ու նրբացնելու համար նյութ չկա։

Թանգարանները։ Բայց նրանք գրեթե ամայի են, կամ այսպես են թվում Հռոմից և Նապոլիից հետո։ Նյու-Յորքի թանգարանը կարելի է դիտել ծայրեիծայր 12 ժամվա ընթացքում։ Ճշմարիտ է, կան հատ-հատ գնահատելի խոշոր գործեր։ Դուք այստեղ կտեսնեք նույնիսկ Միքել Անջելո, Ռեմբրանդտ, Տիցիան և այլն, բայց նրանք օազիսներ են ավազոտ անապատի մեջ։ Ինձ ասացին, որ Ամերիկայում թանգարանները որոշ նյութական միջոց չունին նոր գործեր գնելու։ Ամեն ինչ, որ կա, նվեր է հարուստների կողմից։ Արդարև Նյու֊Յորքի թանգարանի սենյակները կրում էին նվիրատու հարուստների անունները։

Չի կարելի ասել, որ ամերիկացին արվեստները չի սիրում, ընդհակառակը, Եվրոպայում ոչ մի ազգ այնքան գնումներ չի անում, որքան ամերիկացիները։ Նրանք են, որ առատորեն վարձատրում են արտիստներին, գնելով նրանց գործերը։ Մի ժամանակ Մորկըն հայրը սպառնում էր դատարկել Իտալիան միջնադարյան արվեստների գլուխ-գործոցներից. իտալական կառավարությունը ժամանակին սթափվեց և հրատարակեց օրենք, որով արգիլում է Իտալիայից դուրս տանել այն գործերը, որոնք 30 տարուց ավելի հնություն են ներկայացնում. այսպիսով, նա Իտալիան փրկեց կողոպուտից, բայց Մորկըն հայրը, այսուամենայնիվ, շարունակեց մինչև մահ իր գնումները, թողնելով նրանց Հռոմում։

Մի բան ինձ վրա հաճելի տպավորություն թողեց Արիկայի թանգարաններում―– դիրեկսիոնի հավատը դեպի այցելուների ազնվությունը։ Դուք այդտեղ անցնում եք սենյակները, լեցուն ոսկեդրամներով և այլ թանկարժեք