Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/308

Այս էջը սրբագրված է

հնություններով և հազիվ հանդիպում եք մի կամ երկու պահապանի, մինչդեռ Լուվրում կամ Վատիկանում բազմաթիվ պահապանների աչքերը ձեզ հետևում են այնպես, որ կարծես եկել եք գողանալու, և շարունակ այդ աչքերը նայում են ձեր ձեռքին, թե երբ պիտի վճարեք անխուսափելի բուրպուարը։

Չի կարելի ասել, որ Ամերիկան չունի տաղանդավոր նկարիչներ և արձանագործներ, բայց նրանք միշտ Եվրոպայում են, նույնիսկ ամերիկահայերը ունին մի քանի արտիստներ։ Արձանագործ Բաթիկյանի գործերը ինձ չհաջողվեց տեսնել։ Նյու֊Յորքում եղա, պորտրետիստ Փուշմանի և պեյզաժիստ ու մարինիստ Գալուստի արհեստանոցներում։ Փուշմանը տաղանդավոր նկարիչ է, բայց իբրև օրիենտալիստ՝ վար է Մոսկվայի Սարյանից։

Քանի որ արվեստների զարգացումը այդքան համեստ է Ամերիկայում, խստություն կլիներ ամերիկահայի ճաշակից պահանջել ավելին։ Գաղութը բաղկացած է մեծ մասամբ Հայաստանի գյուղացիներից, որոնք իրանց հայրենիքից չէին կարող ժամանակակից ճաշակ բերել․ Ամերիկան է, որ պիտի կրթե նրանց արվեստագիտական զգացումը և նա ինքն էլ տակավին կարոտ է կրթության։

Համեմատաբար բարձր է Ամերիկայի գրականությունը, ուստի նրա ազդեցությունը ավելի զգալի է հայ գաղութի վրա։ Ամերիկահայը անտարբեր չէ դեպի գրականությունը, նա սիրում է կարդալ, կա նույնիսկ մի երիտասարդություն, որ գրականության սիրահար է։ Մի օր ինձ թվեցին մոտ 25 երիտասարդ, որոնք գրում են ոտանավորներ, վեպեր, պիեսներ, և այլն, ոմանք բավական հաջող։ Ես ժամանակ ունեցա աչքի անցկացնելու միայն մի քանիսի գործերը։ Հիշում եմ երիտասարդ Համաստեղի մի քանի սիրուն կտորները, և ինձ թվում է, որ նա ունի ապագա։ Ամերիկահայ մտավորականությունը, հայ գրականությանը նպաստելու համար, մինչև այժմ շատ քիչ բան է արել նույնը և մամուլը։ Միշտ զբաղված քաղաքականությամբ և բանակռիվներով, նա անտարբեր է եղել դեպի զուտ գրականությունը։ Ահագին գումարներ են ծախսվել կուսակցական զորքերի և բրոշյուրների վրա և շատ քիչ բան զուտ գրականության