Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/309

Այս էջը սրբագրված է

համար։ Բարեբախտաբար, վերջերս բոլոր կուսակցությունները սկսել են զգալ այդ թերությունը և աշխատում են կարելույն չափ լրացնել այն։ Կազմվում են հրատարակչական ընկերություններ, և ինձ ասացին, որ ցանկություն կա հրատարակել մեր բոլոր հին ու նոր գրողների և բանաստեղծների գործերը։ Համենայնդեպս Ամերիկայում, մանավանդ Բոստոնում, ես նկատեցի գրական շարժում։

Ժամանակակից ամերիկյան գրականությունը, առողջ լինելով, պետք է որ բարերար ազդեցություն ունենա հայ երիտասարդության վրա։ Ռուս գրականությունը խստացրեց ռուսահայ երիտասարդության միտքը, բայց թուլացրեց նրա կամքը, որքան ևս մեծ լիներ Դոստոևսկին, իբրև վիպասան, չեմ կարող նրա ազդեցությունը բարերար համարել զգացումների առողջության տեսակետից։ Նույնը պետք է ասեմ և Չեխովի սանտիմենտալ և լալկան գրչի մասին։ Ինձ համար խղճալի և ողորմելի են մեղկացած և կամազուրկ հերոսները։ Կփափագեի, որ մեր երիտասարդությունը կարդար Մարկ Տվեն և Ջեկ Լոնդոն, մանավանդ այս վերջինը։ Ահա գրիչներ, որոնք կարող են ամրացնել տպավորվող ընթերցողի կամքը և զորեղացնել նրա զգացումները։ Այժմ, ավելի քան երբեք, մեր երիտասարդությունը պետք է ունենա կամքի հզորություն կյանքի դեմ կռվելու համար։

ՆԻԱԳԱՐԱ

Այն օրից, երբ ես լսել եմ Նիագարայի մասին, իմ երազն՛ է մղել երբևէ տեսնել նրան։ Բնության մեջ ամենից ավելի ուժն է, որ ինձ գրավում է. բարձրագույն գեղեցկությունը հզորության մեջ եմ տեսնում։ Նրբությունը շոյում է իմ էությունը, բայց ուժն է, որ կլանում է նրան։ Գուցե այս է պատճառը, որ ես միշտ դրաման գերադասել եմ վեպից, արձանագործությունը նկարչությունից և երաժշտությունը լիրիկայից։

Երկաթուղիով 10 ժամ ճամփա է Նյու-Յորքից մինչև Նիագարաֆոլս, Բըֆալոում գնացքը փոխվում է և, կես ժամ