Եղիշե Երզնկյանցը հեգնորեն նկատեց, թե տեր հայրը թեև Հովհաննես Մկրտչին նմանվելու նկրտումներ չունի, բայց կերակրվում է վայրի պտուղներով։ Այժմ նա հավաքում է իր ընտանիքի համար ձմեռվա պաշար։
Այս կատակի մեջ մի դառն ճշմարտություն կար, դա սաստիկ վիրավորեց մեր սիրտը։
Այսպես ուրեմն, մինչդեռ մենք մեր տաք սենյակներից հանուն մեր ժողովրդի բարոյական վերակենդանության հրահանգներ ենք շարադրում գյուղական ազգաբնակության համար, գյուղացին (թող լինի մի քահանա) իր ընտանիքը կերակրում է վայրի պտուղներով։
Համոզված եմ, որ մեր լրագրախոսների եռանդը կթուլանար կամ գուցե այլ ուղղություն կստանար, եթե նրանք նեղություն քաշեին սակավ ինչ ծանոթանալ հայ ժողովրդի դրության հետ:
Մենք մի-մի բուռ խնձոր վերցրինք տեր հոր փեշից և, շնորհակալություն հայտնելով, հեռացանք։ Նա կրկին նստեց թփի տակ և սկսեց իր քաղած խնձորը ջոկել, վատերը զատել լավերից։ Շուտով նրա ընկճված կերպարանքը անհայտացավ ծառերի հետևում։ Հեռվից մերթ ընդ մերթ նշմարվում էր նրա ոսկրոտ ձեռը՝ խնձորենու ճյուղերից պտուղ պոկելիս։ Լսվեց մի տխուր մեղեդի։ Ձորն էր միայն, որ արձագանք էր տալիս քահանայի թախծալի հառաչանքներին։
Այն ինչ ավելի հեռու, ժայռերի գլխին հնչում էր բարձրահասակ, երկար յափունջիով ծածկված գյուղական հովվի ուրախ երդի ձայնը։ Ավելի մոտիկ, հոնի մանրատերև ծառերի հետևում երևում էին երկու մանկահասակ գեղջկուհիներ, աշխատելով իրենց անարատ դեմքը թաքցնել մեզանից...
Մենք հետզհետե մտնում էինք ձորի խորքը, մոտենալով Հաղբատի խիտ այգիներին։ Ուղին քանի գնում, այնքան ավելի նեղ ու քարքարոտ էր դառնում։ Արևը արդեն թեքվել էր դեպի մուտքը և շտապում էր թաքնվել սարերի հետևում, երբեմն իր ծիրանագույն շողերով ծառերի ճյուղերի միջով լուսավորելով մեր ուղին։
Դեպի աջ մեր ճանապարհից երևում էր մի ահագին ժայռ։ Նրա անթիվ ծերպերի մեջ նկատելի էր մի մեծ, մութն,