Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/311

Այս էջը սրբագրված է

սարսափը։ Այն ի՛նչ դժոխային տարերքների կռիվ է այնտեղ. թվում է, որ վարը որոտում են հարյուրավոր թնդանոթներ և մռնչում են հազարավոր առյուծներ։ Ինձ հետ միաժամանակ ջրվեժին մոտեցավ մի նեգրուհի. հանկարծ նա արձակեց մի վայրենի ճիչ և նստեց գետնի վրա և երկու ձեռներով ամուր բռնեց երկաթե ձողը։ Եթե ամոթը չզսպեր ինձ, նույնը պիտի անեի և ես. այնքան ցնցումս զորեղ էր։ Հառելով հայացքդ ջրի հոսման վրա, զգում եք, որ նա քաշում է ձեզ, և ձեր ձեռները անգիտակցաբար ավելի ու ավելի են կառչում երկաթե ցանկապատին։ Ասում են, որ այդ ցանկապատը շինելուց առաջ եղել են մի շարք ինքնասպանություններ. հավատում եմ, վասնզի ձեր ոտները դողում են և, չգիտեմ, մարդիկ ի՞նչպես են կարողացել կանգնել այդտեղ առանց ցանկապատի։

Նիագարան իր հզորության մեջ ունի այնպիսի նուրբ ձևեր, որ հազիվ թե տեսնեք բնության որևէ ուրիշ հրաշալիքի մեջ։ Երբեք ջուրը միատեսակ չի հոսում. նրա շիթերը շարունակ փոխում են իրանց ձևերը՝ խաղալով արեգակի ճառագայթների հետ։ Տեսարանը այնքան վեհ է, որ ծիածանը երկնքից իջել է վար։ Նայեցեք՝ նրա հսկայական կամարը կտրել է գետի լայնությունը և կարծես հիացմունքից ժպտում է, իսկ այնտեղ, ջրի փրփրալի հորձանքների մեջ, անթիվ փոքրիկ ծիածանները շարունակ խաղում են իրարու հետ, իրարու կլանում, չքանում ու նորեն և նորեն երևան գալիս։

Նյու-Յորքի ջրվեժի լայնությունը մոտ 200 մետր է։

Անցանք պարկը, մոտեցանք Կանադայի ջրվեժին։ Դա մոտ 3 անգամ ավելի լայն է, քան Նյու֊Յորքինը, բայց ջրի խորությունը պակաս է։ Հավիտենական մրցման մեջ, երկու քույրերը իրար չեն տեսնում, և դուք այցելելով մեկն ու մյուսը, չգիտեք որի՞ն տալ գերազանցություն։ Երկուսն էլ հզոր են, երկուսն էլ գեղեցիկ, երկուսն էլ կարող են համարվել բնության թագուհիներ։ Թո՛ղ ոչ մի նկարիչ չփորձե կտավի, վրա տալ նրանց ուժն ու գեղեցկությունը, Այվազովսկին Փորձեց և չհաջողեց։ Տեսել եմ այդ նկարը. դա ուրիշ ոչինչ է, եթե ոչ մի ճերմակ սավան։ Նկարչությունը անզոր է