մեծ բեկոր նրանց գլխի վրա պոկվում է և ամենքին կործանում։
Երկու օր, գիշեր ու ցերեկ, հիանալով բնության անզուգական հրաշալիքներով, վերադարձանք Նյու-Յորք։
ԴԵՊԻ ԿԱԼԻՖՈՌՆԻԱ
Ես տատանվում էի գնալ Կալիֆոռնիա։ Նա այնքան հեռու է, որ ինձ թվում էր, թե պիտի տեղափոխվեմ մի ուրիշ երկրագունդ։ Բայց Ֆրեզնոյի երիտասարդության կողմից եկած հրավերը այնքան սիրալիր էր, որ ես չէի կարող մերժել։
Ճիշտ հարյուր ժամվա ճամփա է գնացքով Նյու-Յորքից մինչև Ֆրեզնո։ Ճանապարհը Չիկագոյի վրայով է և Պենսիվանիայի ուղղությամբ։ Գնացքը ընթանում է ռուսաստանցու երևակայության անմատչելի արագությամբ։ Միայն Չիկագոյումն է նա փոխվում. այնուհետև դուք գնում եք գիշեր ու ցերեկ, առանց կանգ առնելու որևէ տեղ։
Անցնելով մեծ ու փոքր ավանների միջով, զարմանում եք, մի՞թե այդ տեղերի համար գնացքը պոստ չի բերում, կամ մի՞թե լոկոմոտիվը ջրի պակասություն չունե։ Իմ տարակուսանքը փարատեց մի ճամփորդ, որ քիչ ու շատ խոսում էր ֆրանսերեն։ Հայտնվեց, որ գնացքը, չդադարեցնելով իր ընթացքը, մի առանձին մեքենայի միջոցով, ձգում է բերված փոստարկղը իր որոշ տեղը և փոխարենը ընդունում ուղարկվելիք փոստարկղը։ Ինչ վերաբերում է ջրին, յուրաքանչյուր լոկոմոտիվի տակ կա շոգեշարժ ջրհան, որ որոշ տեղերում, վայրկենաբար, առանց գնացքի ընթացքը հապաղեցնելու, ծծում է երկու գծերի մեջ՝ հայտնի տեղերում թափված ջուրը։
Պուլմանի վագոնները կատարյալ սալոնի հարմարություններ ունին, լայն են և երկայն։ Աջ ու ձախ, դեմուդեմ դրված են զույգ մետաքսյա փափուկ բազկաթոռներ. վերը կախված են փակ անկողնակալներ, յուրաքանչյուր ճամփորդի համար առանձին։ Երեկոյան ինը ժամին նեգր սպասավորը սկսում է բանալ այդ անկողնակալները և պատրաստել