Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/316

Այս էջը սրբագրված է

ինչքան կարողություն ունի Ռոկֆերերը։ Բայց ասում են Մորդանը նրանից հարուստ է։

— Նայեցե՛ք, ի՞նչ գեղեցիկ են այդ ձորերը, ինչ սիրուն է բնությունը,— ընդմիջեցի ես։

— Այո՛, բայց ասում են ոսկին պակասել է այստեղ։ Դուք նկարի՞չ եք։

— Ոչ՛,

— Բայց ինչո՞ւ եք այդպես նայում աջ ու ձախ՝ հիացած։ Բնության գեղեցկությունը միայն նկարիչների համար է։ Այո, այո, ափսո՜ս, ափսո՜ս ոսկին պակասել է, ափսո՜ս ուշացել եմ... Բայց երևի էլի մի բան մնացել է այնտեղ։

Ես ձանձրալի խոսակցիցս ․ ազատվելու համար երեսս դարձրի և հեռացա։

Հինգերորդ օրը մթնել էր, երբ մեր գնացքը կանգ առավ Ֆրեզնոյի կայարանում։

ՖՐԵԶՆՈ

Կայարանում ինձ դիմավորելու եկել էին մի խումբ տիկնայք և պարոններ։ Դիմավորումը վերին աստիճանի սիրալիր էր և բարեկամական։

Ֆրեզնո, ինչ գեղեցիկ անուն։ Արդարև նա արժանի է իր անվանը։ Փոքրիկ է այդ քաղաքը. նա ունե ընդամենը 50000 բնակիչ, որոնցից 12000֊ը հայեր են։ Գրեթե բոլորը երկրագործներ են։ Կլիման վերին աստիճանի մեղմ է, հողը անսահման պտղաբեր։ Ինձ ասացին, որ Ֆրեզնոյում գրեթե երբեք ձմեռ չի լինում. կան 8—10 տարեկան երեխաներ, որ ձյունի մասին գաղափար չունին, և միայն հեռավոր լեռների վրա տեսնում են նրա ճերմակությունը։

Կալիֆոռնիայի ամբողջ տարածությունը Կիլիկիայի չափ է։ Ֆրեզնոյի շրջակայքը, որ ընդարձակ դաշտեր են, արդյունաբերում է՝ խաղող, նարինջ, ձմերուկ, թուզ, սեխ։ Հայերն այստեղ խոշոր դեր ունին երկրագործության մեջ։ Ինձ ասացին, թե նրանց գալուց հետո է, որ երկիրը սկսել է տալ՜