ընտիր մրգեղեն։ Մինչև նրանց գալը խաղողը եղել է թթու, թոքր փոքր, անհամ, ձմերուկը նույնպես։ Ոչ ոք հողի հատկությունը այնքան ճիշտ որոշել չի կարող, որքան հայը։ Հայաստանից նա բերել է իր հմտությունը, փորձառությունը և ճաշակը։ Մինչև հայի գալը Ֆրեզնոյի շուրջը հողի արժեքն է եղել 15—20 դոլլար ակբը, այժմ այդ արժեքը բարձրացել է մինչև 2000—2500 դոլլար։ Իբրև հողագործ հայը այլևս չի մրցում ամերիկացու հետ, որովհետև արդեն հաղթել է նրան։ Այս է պատճառը, որ ամերիկացիները սկսել են ծուռ աչքով նայիլ հայերին և նրանց վերաբերմունքը դեպի մեզ այնքան բարեկամական չէ, որքան Ամերիկայի ուրիշ կողմերում։
Հայ երկրագործների մեջ կան մի քանի անհատներ, որոնց կարողությունը հասնում է միլիոնների։ Այսպես, օրինակ, Առաքելյան եղբայրները, որոնք համարվում են «ձմերուկի թագավորներ», և Պոլ Մովսիսյանը, որ հայ աշխատավորի կատարելատիպն է։ Հաղթանդամ, ամրակազմ, երկաթյա բազուկներով, որ գիտե նույնչափ զվարճանալ, որչափ և աշխատել։ Նույնն է և՛ նրա որդին։
Ես պատիվ ունեցա մի քանի անգամ հյուրասիրվել Մովսեսյան բազմանդամ ընտանիքում և հիանալ նրա նահապետական նիստուկացով և բարոյական վարքուբարքերով։ Այդ տան դռները միշտ բաց են ամենքի համար և միշտ լեցուն հյուրերով։ Տանտիրոջ բարձրաձայն ծիծաղը և սրախոսություններն են, որ գրավում են ամենքին։ Երիտասարդությունը սիրում է Պոլին ու հարգում, ոչ միայն իբրև աշխատավորի և բարի մարդու, այլև իբրև անկեղծ հայրենասերի, որի քսակը և սիրտը բաց են միշտ հայրենիքի համար։ Նույն վերաբերմունքը ես չտեսա երիտասարդության կողմից դեպի Առաքելյան եղբայրները։
Համակրելի է, ընդհանուր առմամբ, Ֆրեզոյի հայությունը, առանձնապես նրա մտավորականությունը կամ երիտասարդությունը, ինչպես կամենաք։ Ունենալով գործ միշտ հողի հետ, այստեղի հայր ավելի սերտ է կապված մայրենի հողի հետ։ Երկիրը նրան միշտ հիշեցնում է իր հայրենիքը և միշտ բաբախել է տալիս նրա սիրտը, որ նույնքան լայն է, որքան նրա ձեռքով մշակվող դաշտերը։