Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/319

Այս էջը սրբագրված է

երիտասարդերով, որոնք գալիս էին, լուրեր բերում, լուրեր ստանում։ Պետք է ասած, որ «Ասպարեզ»-ն էր ամենաճիշտ տեղեկատու մարմինը Ֆրեզնոյում։ Ամենից առաջ այնտեղ էին գալիս լուրեր թե՛ տաճկական և թե՛ ռուսական Հայաստանից։ Այնտեղ ես իմացա առաջին անգամ Կարսի անկման տխուր լուրը։ Դա մի ողբերգություն էր Ֆրեզնոյի հայության, մանավանդ «Ասպարեզ»-ը շրջապատող երիտասարդության համար...

Երիտասարդությունը պատվեց ինձ իմ պիեսներից մեկի, այն է՝ «Արհավիրքի օրերին» դրամայի ներկայացումով։ Գլխավոր ղեկավարն էր այդ ներկայացման պ. Հ․ Թաշինյանը, մի եռանդուն և ջերմ թատերասեր երիտասարդ։ Ֆրեզնոյի բավական ընդարձակ թատրոնը ծայրեիծայր լեցուն էր։ Պ. Գապատայան, ներկայացման միջարարներից մեկում, հուզումնալից խոսքերով հայ թատերագրին ներկայացրեց հասարակությանը, և թատերագիրը, խորապես զգացված, իր երախտագիտությունը հայտնեց իր հայրենակիցներին։ Ներկայացման հետևյալ օրը, պ. Ա. Սեդրակյան համակրելի գործիքը թե՝ հեղինակին և թե՝ թատերասերներին պատվեց մի շքեղ թեյասեղանով։

Այս բոլորը ես գրում եմ շեշտելու համար, թե որքան հայը սիրահար է արվեստներին և գրականությանը, նույնիսկ այն ժամանակ, երբ նրա հոգին տառապում է հայրենիքի թշվառություններից։ Դա է, իմ կարծիքով, հայ ազգի գոյության և մանավանդ նրա ապագայի գրավականը։ Երբեք չի կարող կորչիլ մի ազգ, որ ունե սեր դեպի մտքի ու զգացումների ստեղծագործումը և գիտե ստեղծագործել նույնիսկ դժոխային պայմանների մեջ։

Տաճկաստանը պիտի կործանվի և արդեն կործանվում է։ Ոչ մի Քեմալ փաշա նրան չի կարող փրկել այդ կործանումից։ Ինչո՞ւ։ Որովհետև տաճիկ ժողովուրդը ստեղծագործելու ընդունակություն չունե։ Ավելի քան հինգ դար առաջ նա գրավեց Եվրոպայի գեղեցկագույն մասը, Հափշտակեց բյուզանդական հարուստ կուլտուրան, հարաբերության մեջ մտավ բոլոր քաղաքակիրթ ազգերի հետ և ի՞նչ տվեց նա մարդկությանը։ Արդյոք արվեստնե՜ր, գրականությո՜ւն,