Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/321

Այս էջը սրբագրված է

բայց նա ժամանակ չունի և չի էլ սիրում ուտելուն նվիրել ժամեր։

Պետք է ասել, որ եվրոպացին էլ չունե այդ սերը։ Միայն ռուսները և մենք, կովկասցիներս ենք, որ երկար ժամերով և շատ անգամ գիշերը մինչև լույս նստում ենք սեղանի շուրջը, անվերջ ուտում, անվերջ խմում։ Ես չեմ տեսել, բայց լսել եմ, որ կովկասյան այդ սովորությունը կա Նորմանդիայում և Հարավային Ֆրանսիայում։ Լսել եմ, որ Հարավային Ֆրանսիայում հյուրերին գինովցնելու երջանիկ ցանկությունը նույնքան սովորական է, որքան Կովկասում։

Հարֆուրտի մեջ առանձնապես իմ աչքին ընկավ ոստիկանությունը։ Ասում են ոստիկանությունը Ամերիկայում նույնքան կոպիտ է, որքան ամենուրեք։ Ես այդ բանը չտեսա։ Միշտ մաքուր հագնված, միշտ լրջադեմ, միշտ ճերմակ ձեռնոցներով։ Հարֆուրտի ոստիկանները հաճելի տպավորություն են անում մարդի վրա. և դուք զգում եք, որ այստեղ ապահով եք կոպտությունից և ամենազոր կաշառակերությունից։ Ձեր հարցերին փողոցային ոստիկանը պատասխանում է սիրալիր պատրաստակամությամբ։ Այստեղ դուք կարող եք կրկնել, երեքնել ձեր հարցերը, փույթ չէ, ամերիկյան ոստիկանը չի ձանձրանում, չի վրդովվում։ Ֆրանսիական ոստիկանը նույնչափ քաղաքավարի է. բայց առաջին վայրկյանին, եթե դուք նրա պատասխանը իսկույն չհասկանաք, նա ներվայնանում է և կորցնում իր սառնությունը։

Հարֆուրտի նեղ փողոցներում օթոմոբիլների շարժումը նույնչափ մեծ է, գուցե, որչափ Նյու֊Յորքում։ Բայց տեսեք, մի հատիկ ոստիկան կանգնած քառուղիի վրա, որ ունե 7—8 փողոց, ինչպես է աջ ձեռի շարժումով ղեկավարում անթիվ օթոմոբիլների ընթացքը։ Կառապանների հայացքը հառած է նրա ճերմակ ձեռնոցի վրա այնպես, ինչպես երաժիշտների հայացքը խմբապետի ցպիկի վրա։

Ութ ամսվա մեջ ես միայն մի անգամ տեսա փողոցային կռիվ, այն էլ Հարֆուրտում։ Երկու երիտասարդներ, մոտենալով իրարու, խոսեցին, վիճաբանեցին և հանկարծ երկուսն էլ դեն ձգեցին իրանց բաճկոնները և սկսեցին բռնցքահարել իրարու։ Մի վայրկյանում խմբվեց ահագին բազմություն