Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/327

Այս էջը սրբագրված է

թշվառության համար։ Ապա եվրոպականորեն կրթված հյուպատոսն ավելացնում է․

— Մեծ հաճույք կպատճառեիք ինձ, եթե բարեհաճեք տեղավորվել իմ վագոնում։

— Մեծապես շնորհակալ եմ, էֆենդի, ես արդեն ունեմ օթևան։ Բայց ասացեք խնդրեմ, ձեր սահմանակից վայրերո՞ւմ ևս եղել է երկրաշարժ։

— Տակավին պաշտոնական տեղեկություն չունեմ։ Հազիվ յոթևկես ժամն է, և արդեն Հանրապետական Արտակարգ հանձնաժողովը ոտքի վրա է, չնայելով, որ մինջև գիշերվա ժամի երեքն աշխատել է։ Մարդիկ շտապով մի-մի բաժակ թեյ են խմում, թեթև նախաճաշում հաց ու պանրով, միևնույն ժամանակ արագ-արագ կարգադրություններ են անում։ Չկա ոչ մի ձևականություն, ոչ մի ձանձրացուցիչ հապաղում։ Հանրապետության եռյակը շատ լավ է զգում, թե որքան զազրելի ու վնասակար է դանդաղամիտներին հատուկ մանրությունը նման դեպքերում։ Այնտեղ, Գավգործկոմի հոյակապ շինության մեջ, որ բարեբախտաբար կանգուն է մնացել քաղաքի կենտրոնում, կուտակվել են հազարավոր անելիքներ. պետք է շտապել։ Կարգադրությունները թափվում են կարկտի պես, քարտուղարը գործում է ինչպես մի լարված մեքենա։ Երեք-չորս հոգի երեսուն մարդու գործ են կատարում։

Ընկեր Ա. Կարինյանն ինձ առաջարկում է իր հետ առաջին հերթին այցելել այն գյուղերը, որոնք ամենից ավելի են ենթարկվել ավերման։ Առայժմ գնում ենք Քաղգործկոմ։ Ավտոմոբիլը մեզ տանում է մի փողոցով, որտեղ տները մեծ մասամբ կանգուն են և միայն տեղ-տեղ փլել են նրանց վերին մասերը։ Առաջին տպավորությունս այնքան էլ զորեղ չէ, եթե չլինեին աջ ու ձախ հրապարակների ու շուկաների վրա սփռված անթիվ վրանները, կարելի էր կարծել, որ աղետն այնքան էլ խոշոր չէ։ Բայց արտաքինը խաբուսիկ է, հետո կիմացվի, թե այդ կանգուն տներն ու տնակները որքան են վտանգված։

Մի փողոցում տեսա Խորհրդային Վրաստանի հրդեհաշեջներին իրենց մետաղյա կասկաներով։ Նրանք Կարմիր