Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/330

Այս էջը սրբագրված է

Մենք մոտենում ենք առաջին քարակույտին, որի անունն է Ալեքսանդրովկա։ Ուրվականները մեկիկ-մեկիկ շարժվում են դանդաղորեն, ինչպես խորը քնից արթնացած անդամալույծներ։ Եվ շուտով մեր ինքնաշարժի շուրջը կազմվում է մի կենդանի օղակ։ Լացի և ճիչերի այլևս ոչ մի ձայն։ Նայում են մեր երեսին լուռ ու մունջ, որպես գիշերային ստվերները անտառների խորության մեջ։ Սպասում են, որ մենք խոսենք։ Բերել ենք արդյոք նրանց համար որևէ սփոփանք։ Դաժան վայրկյաններ, որ ինձ թվում էին հավիտենականություն։

Մի թեթև հարց ընկ․ Կարինյանի հուզմունքից դողդոջ ձայնով և ահա մեկը մյուսի հետևից բացվում են մղձավանջից քարացած լեզուները և միևնույնը կրկնում են տասնյակ բերաններ միևնույն պարզ, բայց աղեկտուր խոսքերով։

«Օթևան տվեք մեզ, պատսպարան տվեք մեր անասուններին։ Նրանք կարող են կոտորվել ցրտից։ Մենք էլ կկոտորվենք, եթե չպատսպարվենք։ Այս արև օրերը երկար չեն տեվելու Ահա ամպերն արդեն կուտակվում են։ Երկինքն էլ է դավաճանելու մեզ, ինչպես դավաճանեց երկիրը»։

Այս է ընդհանուր առմամբ տեղական բարբառով բյուր անգամ կրկնվող պահանջների իմաստը։ Այդ մարդկանց համար անասունների գոյությունը նույնչափ թանկ է, որքան իրենց զավակների կյանքը։ Խնդիրը միայն տնտեսականը չէ, գյուղացին անասնին սիրում է հոգեբանորեն, վասնզի նա է նրա միակ ընկերը կյանքում և ամենից ավելի նրան է ընծայում իր հավատը։

Ընկ. Կարինյանը, յուրաքանչյուրին համբերությամբ լսելով, պահանջներն ամփոփում ու ձևակերպում է։ Ընկ. Աշոտ ձախումյանն արձանագրում է։ Ես նյութեր չեմ վերցնում ամեն ինչ թողնելով իմ տպավորությանն ու հիշողությանը։

— Ապահով եղեք, ամեն ինչ կտրվի ձեզ, միայն մի հուսահատվեք,— կրկնում է ընկեր Կարինյանը հուզված ձայնով, և ես այդ ձայնի մեջ զգում եմ զգայուն քաղաքացու խորին վիշտը, պարզությունն ու անկեղծ օերը դեպի մարդ էակը։

— Պիտի կրկնվի՞ աղետը,— հարցնում են աղետյալները։