ճակատին կարդում եմ` «Վրաստանի Կարմիր Խաչ»։ Մտնում եմ ներս։ Այստեղ կա ամեն ինչ, որ անհրաժեշտ է վիրավորներին և հիվանդներին խնամելու համար, նաև երեք հարյուր զույգ ներքնաշոր, և մարդիկ կազմ ու պատրաստ, ամեն վայրկյան թշվառներին օգնության հասնելու։
— Ե՞րբ են եկել այդ մարդիկ,— հետաքրքրվում եմ ես։
— Գրեթե միաժամանակ Հայ Կարմիր Խաչի հետ,— պատասխանում են ինձ։
Նորից բաբախում է իմ սիրտն ուրախությունից, նորից ներկան համեմատում եմ մերձավոր անցյալի հետ։ Այդպես չի եղել առաջ ցարերի ժամանակ։ Ժողովուրդների թշվառույան օրերին ազգություններն իրենց փոխադարձ «եղբայրական վշտակցություններն» արտահայտել են հոգևորականության փարիսեցիական խոսքերով, որոնց խորքում տիտղոսն աչքը միշտ տեսել է սուտն ու կեղծիքը։ Այնինչ այստեղ գործս է խոսում։ Այո, ես եկել եմ մի նոր աշխարհ, որ չունի ոչ մի նմանություն անցյալի հետ, ի՜նչպես չցանկանալ, որ այդ նոր աշխարհը շարունակի իր գոյությունը հավիտյան։
Անցնում ենք փոշիների թանձր մառախուղի միջով հետևյալ քարակույտը, երրորդը, չորրորդը։ Արփաչայի ափերին է տարածված աղետի վայրը, մի քանի քայլ հեռու Տաճկաստանի սահմաններից։ Որքա՜ն մարդկային արյուն է թափվել այստեղ ազգերի անվերջ ընդհարումների ժամանակ, թող պատմե այդ հանդարտիկ հոսող գետը։ Այժմ ուրիշ է․․․
Զոհերի քանակության տեսակետից առաջին տեղը բռնում է Դահառլին։ Այդտեղ սպանվել են 115 մարդ։ Գրեթե չկա ընտանիք, որ չի ունեցել կորուստ։
Մոտենում է ինձ աղքատիկ հագուստով 18—20 տարեկան մի աղջիկ հողերից ու արևից գորշացած պղնձագույն դեմքով։
— Դուք Շ․֊ն ե՞ք․․․
— Այո։
Տեղական դպրոցի ուսուցչուհին է եղել։ Մի քանի հատուկտոր խոսքերով նկարագրելով երկրաշարժի վայրկյանները, հանկարծ կանգ է առնում։ Խոսքերը խեղդվում են նրա կոկորդի մեջ, կապտագույն աչքերը լցվում են արցունքով։