Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/334

Այս էջը սրբագրված է

փոքրիկները, այդ շիկահեր տղաներն ու աղջիկները, կարծես, բոլորը կապարից են ձուլված, մեկը մյուսից ամուր, մեկը մյուսից համարձակ։ Ոչ, այդ առեղծվածային ժողովուրդը, որ չի կորել մինչև այժմ, այսուհետև երբեք չի կորչի․․․

Կա գյուղացու այսօրվա հոգեկան ամրության մի ուրիշ պատճառ։ Նոր է այդ պատճառը, բայց նույն չափ զորավոր, որչափ դարավորը։ Այդ գյուղացու գիտակցությունն է, թե այսօր երկրի տերն ինքն է և թե իր կռնակում ունի մի հզոր պաշտպան։

Ե՞րբ է նա տեսել, որ երկրի իշխանավորները գան իր հետ խոսելու առանց մտրակի, նույնիսկ աղետների օրերին։ Ե՞րբ է նա տեսել, որ այդ իշխանավորները լսեն իր ցավերը դժոխային համբերությամբ, արձանագրեն պահանջներն ամենայն մանրամասնությամբ, ոչ սոսկ ձևականության, այլ անհապաղ և սրբությամբ կատարելու համար։ Սվանվերդի քարակույտի վրա աղետյալները խնդրեցին, որ շուտով ուղարկվեն վրանները։

— Վաղը կստանաք,— ապահովեց ընկ. Կարինյանը։

Մի ժամ հետո, երբ վերադառնում էինք քաղաք, հանդիպեցինք մի բեռնակիր ինքնաշարժի, որ արդեն տանում էր վրանները բաժանելու։

Թող ներվի ինձ այստեղ ևս մի համեմատություն անելու։ Հիշում եմ իմ ծննդավայրի վերջին, այն է 1902 թ. երկրաշարժը։ Այդ ժամանակ ես Բաքվումն էի։ Միտս է բազմաթիվ աղետյալների գանգատները, դեսից֊դենից եկած ողորմելի գումարներն իբրև նպաստ բաժանողների դեմ։ Մեծ բաժինը հանգանակված գումարների «վշտակից» բարերարների կոկորդն էր անցնում։ Այսպես, օրինակ, տալիս էին աղետյալին դիցուք հինգ ռուբլի և ստիպում էին նրան ստորագրել տասնհինգ ռուբլու ստացական։ Նիկոլայ Երկրորդը, երևի շատ լավ էր ճանաչում իր մեծ ու պստիկ սատրապների վարքուբարքերը, որ չմակեցավ նրանց հանձնել իր նվիրած հիսուն հազար ռուբլու բաշխումը և առանձին պատգամավոր ուղարկեց։ Դրամի հետ, զեղծումները կատարվում էին ոչ միայն երկրի ադմինիստրացիայի, այլև հասարակական