«ընտրյալների» ձեռքով, որոնք թուք ու մրով էին բաժանում իրենց կոկորդից պոկած կոպեկները...
Հանրապետական Արտակարգ հանձնաժողովը յուրաքանչյուր աղետյալ գյուղում նշանակել է երեք պատասխանատու. ընկեր նպաստի կանոնավոր բաշխմանը հսկելու համար։ Քարակույտերի վրա ես տեսա նրանցից շատերին։ Երբեք չեմ մոռանա այդ անձնվերների երկուսուկես օրվա ու գիշերվա անդուլ աշխատանքից, անքնությունից, անոթությունից դալկացած դեմքերը։ Բարձրագույն գաղափարի ոգին էր գեղեցկորեն դրոշմված այդ գրեթե պատանի դեմքերի վրա և ինքնամոռացության հուրն էր փայլփլում նրանց խոհուն ու վառվռուն աչքերի մեջ։
Մարտիրոսների ու նահատակների հռչակը դարեր է գրավում մարդկության կուլտուրական պատմության մեջ։ Թող իմ այս համեստ տողերը չվիրավորեն նորագույն գաղափարի հավատարիմ աշակերտների համեստությունը, տալիս եմ այն, ինչ որ պարտավոր եմ և կարող եմ տալ։
Տավշան-Ղչլաղ քարակույտի վրա մի քանի կանայք, տալով մեզ թղթի կտորների վրա սխալ-մխալ անգլերենով գրված հասցեներ, խնդրեցին, որ այդ հասցեներով նամակներ ուղարկենք Ամերիկա և դրամ խնդրենք իրանց համար։ Մի կին հպարտորեն ցույց տվեց իր մի ինչ-որ մերձավորի շքեղ լուսանկարը—ուռած թշերով, փքված որովայնով, կուշտ դեմքով մեկին, որ չի մոռացել իր բուրժուական կերպարանքով շշմեցնել աշխարհ չտեսած միամիտ կնոջը։ Արձագանք կտա՞ արդյոք այդ փաշայական ինքնագոհ դեմքն իր մերձավորի աղերսին։ Չէ որ կուշտի հիշողությունը թմրում է անցյալի վերաբերմամբ։
Չեմ հիշում, որ քարակույտի վրա աղետյալներն ասացին.
― Մենք չենք ուզում մնալ այս անիծյալ երկրում, տարեք մեզ մի ուրիշ տեղ, տարեք Հյուսիսային Կովկաս կամ ավելի հեռու։
Սովորական երևույթ ինձ համար։ Ամեն անգամ, երբ Շալախում երկրաշարժ է լինում, հուսահատված ազգաբնակությունը նույնն է ցանկանում։