մեջ ամենավախկոտներն են, որոնք ոչ մի բանում չեն կարողանում ինիցիատոր դառնալ։ Սորանց համար եփած պիտի լինի, որ ուտեն, որովհետև իրանք եփելու խելք չունեն։ Աշխարհի մյուս կողմից գալիս է մի որևիցե Նոբել կամ ուրիշը և օրինակ դառնում տեղացիների համար։ Բայց այդ բավական չէ. հիշյալ Նոբելը այժմ ունի այնպիսի նավեր (наливная суда), որոնցով ֆոտոգենը ուղարկում է Ռուսաստան առանց տակառների, իսկ տակառները շինել է տալիս Ռուսաստանում, որտեղ համեմատաբար նորան էժան են նստում և, բացի այդ, տակառներում տանելը մեծ վնաս է, մանավանդ, ամառ ժամանակ, երբ արեգակի տաքությունից ֆոտոգենը տակառներից Ռուսաստան տանելու ժամանակ դուրս է հոսում։
Բայց դառնանք դարձյալ մանր գործարանատերերին, որոնց գրությունը ուշադրության արժանի է, մանավանդ հայերինը։ 1876-77 թվերին, երբ ֆոտոգենի, այսպես ասած, ոսկի ժամանակն էր, ամենքը սկսեցին մի կերպ ձեռք բերել մի գործարան կամ մի հանք, մի խոսքով ամենքը սկսան վազ տալ նավթի հետևից։ Դերձակը կամ կոշկակարը, որ իր արհեստով շատ բախտավոր էր ապրում, չբավականանալով իր վիճակով, կամ լավն ասած, նախանձելով հանքատերերի և գործարանատերերի ժամանակավոր բախտին, թողնում էր իր ոսկի արհեստը և ընկնում նավթի հետևից։ Նա իր դառն քրտինքով աշխատած կոպեկները վատնում էր մի գործարան կամ մի հանք ձեռք բերելու համար, ձգտելով դեպի հանկարծակի հարստություն։ «Բա՝հ, ինչո՞ւ Կրասիլնիկովը, Բաղիրովը կալյասկա, գրոշկա ունենան, ես չունենամ, ես էլ բախտս կփորձեմ», այսպես ասում էր դերձակը, ասեղը շպրտում, երևակայելով իր ապագան փառավոր պալատներում։ Մի խոսքով, այս ժամանակակից դոն քիշոտները ժողովվելով 7 կամ 8 հոգի միասին կազմում էին ընկերություններ (այդ ընկերությանը մեկի անունը այստեղ ծաղրելով «Չամբաբաքանդ» են դրել) և սկսում էին գործել. միայն, վա՜յ այն գործելուն, որ նրանք էին գործում։ Ինչ տեսակ խաբեբայություն ասես գործ էին դնում իրանց միամիտ մուշտարուն խաբելու համար, մոռանալով բոլորովին իրանց խիղճը ու