Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/344

Այս էջը սրբագրված է

այցելություն անել գավառների ուսումնարաններին և նրանց քննություններին ներկա գտնվել։ Բայց թե ո՞ւմ է հանձնելու նա մեր դպրոցի տեսչությունը, չգիտենք։ Մենք զարմանում ենք, թե ինչո՞ւ «Մարդասիրական ընկերությունը» վարձեց այդ պարոնին, երբ նա կանխապես գիտեր, որ պարոնը տերության ծառայության մեջ է գտնվում, ուրեմն և չէր կարող, և ժամանակ չէր ունենա մեր ուսումնարանի վերաբերությամբ իր հանձն առած պաշտոնը խղճմտանքով կատարել։ Մի՞թե չէր կարող պ. Ստեփանյանցին տված 1 400 ռուբլով վարձել մի ավելի հարմար տեսուչ, որ գոնե հայերեն խոսել գիտենար, որից զուրկ է պ․ Ստեփանյանցը, այլևս չենք խոսում նրա մանկավարժական թերությունների մասին։ Բայց «Մարդասիրական ընկերությունը», բացի տեսչության պաշտոնից, պ. Ստեփանյանցին ուսուցչի պաշտոն էլ հանձնեց, և նա իր դասերը հին խալիֆաների նման ավանդում էր գավազանների հարվածներով։ Շատ հասկանալի է, որ այդ տեսակ տեսուչը ինչ ուղղություն կարող է տալ մյուս վարժապետներին։

1880 թ.

ՆԱՄԱԿ ԲԱՔՎԻՑ

13 սեպտեմբերի

Հասարակական կյանքը Բաքվի մեջ այժմ գտնվում է կատարյալ թմրության մեջ։ Այդ տխուր երևույթի պատճառը պետք է վերաբերել մեր երիտասարդության դեպի հասարակական շահերը ունեցած անտարբերությանը։ Շատ պարզ և հասկանալի է, որ մի ժողովրդի, մի հասարակության կյանքին այսպես թե այնպես լավ կամ վատ ուղղություն տալը գլխավորապես կախված է նորա երիտասարդությունից։ Եթե նորա այդ թարմ ուժը, այդ կենդանի տարրը որքան և իցե կարողանում է ճանաչել և կատարել իր պարտականությունները հասարակական բարօրության վերաբերությամբ, այն ժամանակ գուցե ժողովուրդը կարող կլինի պարծենալ, որ նա հասել է զարգացման մի որոշ աստիճանի։ Բայց ի՞նչ աստիճանի