ուրիշ տեղ, ուրիշ քաղաքներում մշակ դասի կյանքը բարվոք է, բայց Բաքվի մշակների կյանքը կարելի է ամենադառն և ողբալի համարել։ Բաքվի՝ Անդրկովկասի այդ, եթե չեմ սխալվում, առաջին արդյունաբերող քաղաքի, մեջ այժմ կենտրոնացած է մեծ քանակություն մշակների, որոնք մեծ մասամբ բանում են նավթային գործարաններում, իսկ փոքր մասամբ բեռնակիրներ են։ Մարդ քարացած սիրտ պետք է ունենա, որ անտարբեր մնա՝ տեսնելով վշտերը, տանջանքները, այն հալածանքը, որ կրում են գործարաններում բանող մշակները իրանց թշվառ գոյությունը շարունակելու համար։ Այդ գործարաններում մշակների բանելու համար նշանակված չէ մի որոշ ժամանակ։ Կան այնպիսի գործարաններ, որոնց տերերը իրանց շահերի համար անգթությամբ ստիպում են նրանց գործել օրը 20 ժամ, մինչդեռ եվրոպական գործարաններում մշակները բանում են օրական ոչ ավելի, քան տասը ժամ և դեռ այդ էլ շատ է համարվում։ Օրական 20 ժամ գործելով և ապրելով խոնավ բնակարաններում, կերակրվելով անսնունդ կերակուրներով, մշակը, իհարկե, մի կարճ միջոցում կարող է կորցնել իր առողջությունը և այդ այդպես էլ պատահում է։ Նայեցեք առաջին օրը, երբ նա ոտ է դնում գործարան, որքան առողջ ու զվարթ է նրա դեմքը, որքան վստահ նրա քայլվածքը, բայց նայեցեք, թե նա որքան փոխվել է երկու կամ երեք ամիս գործարանում բանելուց հետո։ Նրա երեսը իր առաջվա զվարթությունը, կարմրությունը կորցրել է արդեն, նրա աչքերը խորն են ընկել, երեսի ոսկորները դուրս են ցցվել։ Բայց նա այդ բոլորի փոխարեն ի՞նչ վարձ է ստանում գործարանատիրոջից, ոչի՛նչ, ամենաչնչին վարձ, ամսական максимум 16 մանեթ, իսկ минимум 10 մանեթ, այն է՝ հազար տեսակ արհամարհանքների, հայհոյանքների և շատ ժամանակ թակի ու ծեծի հետ։ Վայ այն մշակին, որը համարձակվել է իր տիրոջ հրամանից գեթ մազի չափ շեղվել, այդպիսի դեպքերում նա խոհեմություն կանի, եթե չերևա, թե չէ գործարանատիրոջ կամ նրա հավատարիմ գործակատարի անսանձ լեզուն չի դադարի հազար ու մի անվայել ու կեղտոտ հայհոյանքներով վիրավորել ո՛չ միայն նրա անձնավորությունը, այլև նրա անմեղ ընտանիքը, ծնողները և
Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/348
Այս էջը սրբագրված է