Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/35

Այս էջը սրբագրված է

Մինչդեռ արժեր այցելել այդ հռչակավոր բերդը։ Որքան հետաքրքրական անցքեր են տեղի ունեցել նրա մեջ։ Այնտեղ է Գրիգորիս Տուդեվորդին հակառակել Մինաս եպիսկոպոսին, որ վրաց Թամար թագուհու նշանավոր հայ զորավար Զաքարե Սպասալարի հրամանով ուզում էր հայ եկեղեցու մեջ մի քանի հունական արարողություններ մտցնել։ Իր եղբոր, վիրացած Իվանե իշխանի օրինակից խրախուսված, Զաքարեն անպատճառ և բռնի կերպով ձգտում էր մեր եկեղեցական պաշտոնեությունը մոտեցնել վրաց եկեղեցուն։ Տուդեվորդին ամեն կերպ աշխատում էր ընդդիմագրել նրան։ Այդ եպիսկոպոսի հակառակությունն այնտեղ հասավ, որ նա ի վերջո հրամայեց կարարեի կողմից Լաղբատ եկած Մինաս եպիսկոպոսին բահերով ծեծել, կիսամահ անել և նրա բեռնակիր ջորիներին գահավեժ անել Կայան բերդի ժայռից։ Այնուհետև օտարի փառքին ծառայող Զաքարեն մահ սպառնաց Տուդեվորդուն, և սա ստիպված եղավ Կարին փախչել։

Պատմում են նույնպես, որ այս բերդումն է անցկացրել իր ծերությունը տասնուերեքերորդ դարի մեր մատենագիրներից մեկը՝ Վարդան Բարձրբերդցին։ Այստեղ նա ունեցել է մի ուսումնարան հայ մանուկների համար։

Կայան բերդումն է պատսպարվել շրջակա հայ ժողովուրդը թաթարների հալածանքից։

Չարմա-Ղանի ավերիչ արշավանքից այնտեղ է փախել ու թաքնվել Իվանե Աթաբեգի որդի Ավագ իշխանը։ Ողորմելի իշխան։ Պաշարված ամեն կողմից, նա ճարահատյալ բերդից դեսպան է ուղարկել Չարմա֊Ղանի արյունարբու զորապետի Իտուղատայի (վայրենի մարդու վայրենի անուն) մոտ, խոստացել է իր դուստրը կնության տալ նրան միայն թե բերդը ազատի պաշարումից։ Թաթար զորապետը հայ աղջկան վերցրել է, իսկ բռնությունը շարունակել է ավելի խստությամբ։ Նա կտրել է տվել բերդի ջրանցքը։ Պաշարվածները մնացել են անջուր ծարավը հաղթել է նրանց, դուրս են բերել իրենց ձիերը և անասունները, տվել են թաթարի ձեռքը, որ սրա փոխարենը ջուր տա իրենց։ Խորամանկ թաթարը խոստացել է։ Նույն ժամին, երբ պաշարվածներից շատերը դուրս են եկել ջուր վերցնելու, թաթարները բռնել են: