Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/350

Այս էջը սրբագրված է

տառապյալների և հալածյալների, պաշտպան կհանդիսանա և հասարակության այդ թշվառ դասակարգին՝ մշակներին, որոնք այդչափ բարբարոսաբար հարստահարվում են։ Իսկ ես ժամանակ առ Ժամանակ կաշխատեմ դիմել այդ հարգին։

1980 թ.

ՆԱՄԱԿ ԲԱՔՎԻՑ

4 նոյեմբերի

Ամսույս 2-ին, երեկոյան ժամը 6֊ին, հայոց «Մարդասիրական ընկերության» դահլիճում առաջին անգամ, հայոց ուսումնարանի տեսուչ բժիշկ Արամյանը կարդաց մի դասախոսություն երեխաների առողջության վերաբերությամբ։ Հանդիսականների թիվը շատ քիչ էր, չնայելով, որ մուտքի համար նշանակված էր ամենաչնչին գին (20 կոպեկ)։ Շատերն էլ, թեպետ գնել էին տոմսակներ, բայց չգիտենք ինչու չէին բարեհաճել ներկայանալ դասախոսության, երևի, արժան չէին համարել։ Իսկապես պախարակելու արժանի են Բաքվի հայերը, մանավանդ երիտասարդները, որոնք առավել բարվոք են համարում աննպատակ շրջել քաղաքի հրապարակի վրա, որ շատ մոտ է նույնիսկ դասախոսություն, եղած տեղին, ընկնել զանազան կեղտոտ էակների հետևից և թափառել նրանց հետ մի հյուրանոցից մյուս հյուրանոց, փողեր շռայլել, քան թե 20 կոպեկ նվիրելով մի բարեգործական նպատակի, գեթ մի ժամ լսել դասախոսություն, որից կարող են օգուտ քաղել։ Ես դիտավորություն չունեմ այս անգամ ևս խոսել Բաքվի հայ հասարակության այլևայլ վատ կողմերի մասին, որոնց հետ ընթերցողը փոքրիշատե ծանոթ է, միայն իմ ներկա նամակիս նպատակն է մի քանի համեստ նկատողություն անել պ․ դասախոս Արամյանին։

Հայտնի է, որ գրականական լեզուն մեզանում դեռ ընդհանրացած չէ, այսինքն՝ նա այնքան խորը արմատներ չէ գցել հասարակության մեջ, որ մեծամասնության համար դյուրըմբռնելի լինի։ Այդ շատ զարմանալի չէ հայերի