Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/368

Այս էջը սրբագրված է

ՄՇԱԿՆԵՐԻ ԴՐՈԻԹՅԱՆ ԱՌԻԹՈՎ

Ամենայն տեղ, ամենայն հասարակությունների մեջ, մշակների տնտեսական դրության բարվոքման հարցը վաղուց արդեն մտել է հասարակական ամենակարևոր հարցերի շրջանը, և այժմ չկա գրեթե մի փոքրիշատե ինքնաճանաչ ազգ կամ ժողովուրդ, որ քիչ թե շատ, այսպես թե այնպես, չզբաղվեր մարդկության այդ ամենաթշվառ դասակարգի վիճակով, չաշխատեր, գոնե ժամանակ առ ժամանակ նորոգելով նրա անթիվ վերքերի սպեղանին, թեթևացնել նրա դառնակսկիծ ցավերը։ Միայն մեզանում է, որ խեղճ մշակը մի չինական պատով անջատված հասարակությունից, զուրկ նրա որևիցե հոգացողությունից, ենթարկված ֆիզիկական ծանր և անտանելի աշխատանքներին՝ օրըստօրե բարոյապես և ֆիզիկապես մաշվում, մահանում է, առանց արժանանալու մեր կողմից հարկավոր ուշադրության, մինչև անգամ առանց շարժելու մեր բնական մարդասիրական զգացմունքները։

Ո՞ւմ չէ պատահում ամենայն օր տեսնել թշվառ բեռնակրին՝ ծածկված քրքրված ցնցոտիներով, որ հազիվհազ պաշտպանում է նրա միայն կաշվից և չոր ոսկորներից բաղկացած մարմնի կեսը թե՛ ձմեռվա սարսափելի ցրտերի ազդեցությունից, թե՛ ամառվա արեգակի կիզիչ ճառագայթներից, ահագին համետը շալակին, երկար չվանը ուսին գցած, փողոցի այս ու այն անկյունում շլինքը ծռած սպասելիս, թե ահա կպատահի մեկը և անասնի նման նրա մեջքը բարձելով 7—8—10 փութի ծանրությունը և քաշքշելով քաղաքի այս ծայրից մյուս ծայրը, վերջապես կտա նրան մի քանի սև կոպեկներ։ Ո՞ւմ չէ պատահել տեսնել խեղճ մշակին երկաթե ծանր մուրճը ձեռքին փողոցում՝ արեգակի, անձրևի և ձյունի տակ, տկլոր քարի վրա շնթռնած՝ հարուստ քաղաքի փողոցների սալահատակի համար սուր գետաքարեր փշրելիս։ Ո՞վ չէ տեսել այդ միևնույն մշակին ահագին քարը կամ ծանր գերանի ծայրը ուսը առած մի քանի տասնյակ աստիճաններով այս ու այն աղայի շինության երկրորդ, երրորդ հարկը բարձրանալիս։ Նրա նիհար երեսից անձրևի նման այդ Ժամանակ հեղում են քրտինքի կաթիլներ, նրա կուրծքի