Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/37

Այս էջը սրբագրված է

ունեն գյուղացիները։ Շրջակայքը անմերձենալի ժայռեր և անտառապատ սարեր, երկրագործության պիտանի հողի մի փոքրիկ տարածություն, ճանապարհների կատարյալ բացակայություն— ահա գյուղը, ահա գյուղացիների վիճակը։

Այս բավական չէ. Հաղբատում գանգատներ էին լսվում, թե կալվածատեր ոմն իշխան Բարաթովը հետզհետե խլում է գյուղի հողերը, թե գյուղացիները քանի գնում, այնքան աղքատանում են։ Ամբողջ Հաղբատի մեջ միմիայն Երզնկյանցների ընտանիքն է քիչ շատ նյութական ապահով, մնացյալները տարվա մեծ մասը անոթի են։

Որնակի միջով անցնելիս միակ մեր տեսած մխիթարական բանն էր Թիֆլիսի միանձնուհի Մանիա Լոռու-Մելիքյանի շինել տված աղբյուրը։ Գյուղացիները օրհնում են մարդասեր կույսին և ի՜նչ երախտագիտությամբ են հիշում նրա անունը։

Մեր ծարավը հագեցնելով, թողինք գյուղը և մտանք Աստվածածնա ձորը։ Այս ձորը, ինչպես ասում էին, լիքն է գայլերով և արջերով։ Բայց մեզ չհանդիպեցին։ Երեկոյան ինը ժամին հասանք Սանահին։

7

Ինչպես Հաղբատ, Սանահին ես մտանք լուսնի լուսով։ Դուրեկան է գիշերով մտնել գյուղը, ուր վաղ երեկոյից սկսած տիրում է թախծալի լռություն, ուր քաղաքային աղմկալի կյանքին սովոր մարդը չի լսում ոչ մինչև լույս քաղաքի սալահատակների վրա անցուդարձող կառքերի դղրդյունը, ոչ անգործ զբոսնողների աղմուկը, ոչ գինեհարբ շրջմոլիկների անախորժ գոռում ու գոչյունները։

Վաստակաբեկ գյուղացիները հանգստանում էին ցերեկվա աշխատանքից, կյանքը քնած էր։ Մեր ճանապարհից դեպի աջ երևում էին մութ, բլրանման բարձրություններ, տեղ-տեղ նրանց գագաթները լուսնի շողքերից փայլում էին ոսկեգույն լույսով։ Խոտի և հարդի դեզերն էին դրանք։ Դեսուդեն անկանոն կերպով սփռված էին աղոտ լուսո կետեր