սաժեն երկայնությունով և 5 կամ 6 ֆուտ բարձրությունով մի խրճիթ, միայն մի խրճիթ բառի տակ չհասկանաս այն աղքատ, բայց պարզ և մաքուր օդով բնակարանը, ուր բնակվում է առողջ գյուղացին, ո՛չ. այլ մի չափազանց կեղտոտ և խոնավ խուց, ուր կարող են ապրել միայն անասունները, այն ևս նրանցից ամենակեղտոտները— խոզերը։ Այստեղ, այդ խուցի մեջ, ուր ապրում են տասնից սկսած մինչև տասնուհինգ մշակներ, ուր ծանր օդը տարիներով չի փոխվում, չի նորոգվում, ուր մուրով սևացած պատերի միջից խոնավությունը անպակաս է, ուր հազար ու մի կեղտոտություններով ապականված հատակը ոչնչով ծածկված չէ, ուր նույնպես մուրի տակ կորած առաստաղը հազարավոր սարդերի բուն կարող է համարվել— այստեղ, կրկնում ենք, անկարելի է խոսք անգամ արտասանել առողջապահական որևէ կանոնների մասին։ Այն միակ պատուհանը, որը շինված է կարծես թե այդ խուցին առավել մռայլ, առավել տխուր կերպարանք տալու համար, այնքան փոքր է, որի միջից ներս թափանցող օդը հազիվ թե բավականություն անի մի մարդու առողջ շնչառության համար, ուր մնաց այն 10 կամ 15 խեղճերի համար, որոնք զետեղված բնակվում են այստեղ, որոնց շնչառությունից օդը ապականվելով և չնորոգվելով, անսովոր մարդուն մի սարսափելի գարշահոտություն է փչում, երբ նա ոտ է դնում այստեղ։ Ավելացրու սրա վրա և մշակների դեպի իրանց սեփական առողջությունը ունեցած անհոգությունը, որբ պակաս չէ նպաստում նրանց վիճակի դառնությանը։ Մշակը շատ ժամանակ իր ունեցածով անգամ չի օգտվում. նա իր բնակարանը հազիվ թե ամսական մի քանի անգամ սրբում է, նա այդ փոքրիկ պատուհանը դժվար թե տարիներով բացում է գեթ փոքրիշատե բնակարանի օդը թարմացնելու համար։ Բայց գիտե՞ք ինչիցն է առաջ գալիս մշակի այդ թուլությունը, առաջին՝ նրա հուսահատությունից, երկրորդ՝ անհասկացողությունից և երրորդ, որ ամենագլխավորն է, սովորությունից։ Մշակը հիրավի նոր վերադարձած գյուղական առողջ կլիմայի տակից, երբ առաջին անգամ մտնում է այստեղ, նա զգում է օդի ապականությունը, նրա գարշելի հոտը, բայց մի հայտնի ժամանակ ապրելով այդ օդում, նա փոքր առ փոքր
Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/371
Այս էջը սրբագրված է