նրանց հետ գործարաններում բանողների բնակարանների մասին, չեն ամաչել հայտնել այն եզվիտական միտքը, թե մշակը առողջ բնակարանի կարոտություն չունի, թե նա սովորել է իր կյանքը անցկացնել խոնավ և կեղտոտ պադվալներում։ Բայց թողնենք այդ։
Ինչպես ասացինք, այս 4 սաժեն երկարություն, 2 սաժեն լայնություն և 5 կամ 6 ֆուտ բարձրություն ունեցող խուցի մեջ զետեղված են 10—15 մշակներ։ Եթե այդ թվերը բազմապատկենք միմյանց վրա, մենք կստանանք 2352 խորանարդ ֆուտ օդի պարունակություն։ Բավակա՞ն է արդյոք օդի այդ չնչին քանակությունը, եթե ոչ 15, գոնե 10 մարդու ապրուստի համար, որոնք այստեղ զետեղված են. հազար անգամ ոչ։ Եթե զանազան փորձառու բժիշկների՝ Գուբերի, Զենֆտլեբենի, Ռեկլամի և ուրիշ երևելի հեղինակների գրության համեմատ ընդունենք, թե մի չափահաս մարդուն անհրաժեշտ է ունենալ 400֊ից մինչև 800 խորնարդ ֆուտ օդի տարածություն փոքրիշատե առողջ բնակության համար, ուրեմն 10 մարդու համար, գոնե միջին թվով, հարկավոր է 6000 խ. ֆ.։ Այստեղից կարող ես, ընթերցող, եզրակացնել, թե որքան կործանիչ ներգործություն կարող է ունենալ 2352 խ. ֆ. չնչին տարածությունը մի տասնյակ թշվառների կազմվածքի վրա նաև այն ժամանակ, եթե այդ օդը լիներ մաքուր, բայց նա, ինչպես վերև ասացինք, մաքուր չէ։ Կան և այնպիսի գործարաններ, ուր մշակների բնակարանները առավել անձուկ են, ինչպես մի թուրքի գործարանում ես գտա մի գետնափոր խրճիթ, որի երկարությունը 16 ֆ., լայնությունը 8 ֆ., իսկ բարձրությունը ½ ֆ․ էր, այստեղ բնակվում էին 6 մշակներ։
Շատ գործարաններում, մշակների բնակարաններում չկան մահճակալներ, իսկ եթե կան էլ՝ այդ մի քանի նավթոտ տախտակներ են միմյանց կողմում շարած և մի քանի կեղտոտ և պատռտված փսիաթներով ծածկված, որոնք միևնույն ժամանակ մշակներին ծառայում են և անկողնի տեղ, իսկ գիշերները վերմակի փոխարեն նրանց ծառայում են այն միակ ցնցոտիները, որոնց մեջ նրանք շրջում են ցերեկները։ Այն գործարաններում, ուր այդ նավթոտ տախտակներն էլ