Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/374

Այս էջը սրբագրված է

չկան, մշակները գիշերները քնում են հողահատակի վրա, որ միշտ չափազանց խոնավ է լինում գործարանները ծովի ափից մոտ լինելու պատճառով, այնպես որ շատ տեղերում երկուերեք արշին խորությունում գետնից ծովի ջուր է դուրս գալիս։ Թե որքան վնասակար է մարդու առողջության համար մի այդպիսի խոնավություն, այդ կարող է իմանալ ամենագետը մեզանից։ Հոդացավություն, ոսկրացավություն, դեղնացավ (желтуха), կատար ստամոքսի, որ շատ ժամանակ փոխվում են թոքախտության, ահա խոնավության հետևանքները։ Նամանավանդ մշակները տանջվում են զանազան ցավերով այս խոնավ բնակարաններում ձմեռը ցրտերից։ Վառարաններ շատ քիչ բնակարաններում կան, իսկ մեծ մասամբ մշակները ձմեռը տաքացնում են իրանց բնակարանները մանղալով։ Բայց առավել լավ կլինի, եթե նրանք ձմեռը բնավ էլ կրակ չվառեն իրանց բնակարաններում, որովհետև նրա զորությունից խոնավ պատերի միջից դուրս գալով, տամկությունը օդը լցնում է նեխյալ գոլորշիներով, սաստկացնելով այդպիսով նրա գարշահոտությունը։

Անուշադիր թողնելու չէ և այն հանգամանքը, որ շատ քիչ գործարաններում են հայ մշակները պարսիկ մշակներից առանձին ապրում, իսկ մեծ մասամբ այդ երկու տարրերը միշտ միասին մի սենյակում են կենում։ Պարսկաստանից եկող մշակներից շատերը իրանց հետ բերում են զանազան սեռական հիվանդություններ, մեծ մասամբ սիֆիլիս անվանված վարակիչ ախտը։ Շատ հասկանալի է, որ այդ ախտավորները ապրելով ուրիշ առողջ մշակների հետ միասին, մի տեղ, հեշտությամբ վերափոխում են սրանց վրա այդ գարշելի ցավը։ Ես շատ ժամանակ, երբ տեսել եմ հայ մշակին այդ ախտով վարակված, զարմացել եմ և չեմ կարողացել ինքս ինձ հաշիվ տալ, թե ինչպե՞ս, որտե՞ղ է գտել նա


Մանգաղ — կավից շինած մի տեսակ ասիական անոթ է, որի միջում վառում են ածուխ կամ տաշեղ ասիական տներում, Ծ․ Հ․․