Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/377

Այս էջը սրբագրված է

օր նրա փորը կուշտ է, նա գողանում է, որովհետև նրա աչքի առաջ պտտում են վատ օրինակներ։ Հայ մշակը իր մի ամսվա քրտինքով աշխատած կոպեկները, ինչպես վերև ասացինք, մի օրվա մեջ վատնում, փչացնում է, որովհետև երկար ժամանակ ֆիզիկապես աշխատելով, նրա բնությունը մի օր վերջապես պահանջում է աշխարհային լիություն ու բավականություն և նա ռիսկ է անում լրացնել այդ անհրաժեշտությունը։ Բայց ավա՜ղ, նրա մի օրվա, մի ժամվա բավականությունը շատ թանկ է նստում նրա կյանքի համար։ Թեթևվացրու փոքրիշատե նրա ֆիզիկական ծանր աշխատանքները, տուր նրան իստակ բնակարան, մաքուր օդ, առողջ և սննդարար կերակուրներ և դու կտեսնես, թե նա ինչպես կանոնավոր և վայելուչ կյանք է վարում։ Բայց թողնենք այդ և դառնանք նրա դրության ուրիշ կողմերին։

Ես վերն ասացի, թե մշակների բնական մարդկային իրավունքները ոտնակոխ են լինում զանազան շահախնդիրների ձեռքում, հարկավոր է այժմ վերադառնալ սրան և տեսնել, թե այդ ինչպես է կատարվում Բաքվի մշակների կյանքում։ Թող ներվի ինձ կանխապես խոստովանել, թե որքան էլ որ ցանկանամ, այնուամենայնիվ չեմ կարող սառնարյուն խոսել այն գործարանատերերի վարմունքի մասին, որոնց ձեռքում, շատ ժամանակ, մշակը, կորցնելով իր բոլոր մարդկային զգացմունքները և արժանավորությունները, դառնում է մի անշունչ առարկա, մի գործիք, կամ լավն ասած, մի անպետք հնոտի, որի հետ կարող ես վարվել ինչպես կամենաս։ Այստեղ նույնիսկ ամենասառնասիրտ և ամենատարբեր մարդը անգամ կկորցնի իր սառնասրտությունը և անտարբերությունը, եթե նա մի փոքր խորը նայե այդ պարոնների դեպի իրանց մշակները ունեցած վատ և հակամարդկային արարմունքների վրա։ Խոսքս մի քանի բացառություններին չի վերաբերում, ինձ համար միանգամայն անարդարություն կլիներ դատապարտել և այն մշակատերերին, որոնց խիղճը համեմատաբար մաքուր է, որոնք փոքրիշատե հասկանում են, թե մշակը անբան կենդանի, անշունչ առարկա չէ, թե նա ևս, ինչպես մարդ, ունի իր մարդկային սուրբ իրավունքները, որոնց ոտնակոխ անելը առնվազն խիստ բարոյական հանցանք