մշակի տերը, որի կոշիկի վրա մի կաթիլ ընկել էր կուպարոսից, այդ ժամանակ, մշակին մոռացած, իր անպիտան կոշիկի հոգսում էր։
Ահա այդ տեսակ և սրա նման ուրիշ ծանր և վտանգավոր գործեր է կատարում գործարանում բանող մշակր օրվա ամբողջ 19—21 ժամը, անդադար պատերազմելով մահի և քաղցածության հետ։ Բայց տեսնենք, թե ինչպես է վարվում նրա հետ գործարանատերը, թե որքան է նա գնահատում մշակի այդ դառը աշխատանքները։ Ամենից առաջ, իհարկե, հարկավոր է մի քանի խոսք ասել մշակի վարձի մասին, որի պատճառով նա հանձն է առնում օրվա մեջ միայն 3—4 ժամ հանգստանալ իր նեղություններից։ Առաջին՝ բոլոր գործարաններում մշակները միաչափ չեն վարձատրվում, մեծ գործարաններում, որոնց տերերը հարուստ են, նրանց վարձը համեմատաբար բարձր է, քան թե փոքրերում։ Վերջիններում մշակները ստանում են ամսական 10—14—16 ռ. և ոչ ավելի, մինչդեռ մեծ գործարաններում ստանում են 12—16—18 ռ. կամ միջին թվով 15 ռուբլի։ Երկրորդ թուրք գործարանատերը համեմատաբար պակաս են վարձատրում մշակին, քան թե հայերը և ռուսները, և այդ պատճառով մշակները վերջիններին վերադառնում են առաջիններից և, բացի այդ, թուրքերը շատ հաճախ է պատահում, որ մշակների վարձը կամ միանգամայն կտրում են, կամ թե պայմանյալից պակաս են տալիս։ Թուրք գործարանատերը մշակի վարձը երբեք ամենայն ամիս լիովին չի հատուցանում, այլ ամեն անգամ պահում էր նրա մի հայտնի մասը իբր գրավ, որ մշակը իր գործը չթողնի ու դուրս չգա նրանից, բայց վերջ ի վերջո գիտե՞ք նա ինչ է անում,— այդ ավել մնացած փողերի փոխարենը կա՛մ մի քանի շիշ անիստակ ֆոտոգեն է տալիս մշակին, խաբում ու ճանապարհ գցում, կա՛մ թե չէ տակավին հրաժարվում է այդ փողերը վճարելուց։ Իսկ խեղճ մշակը այդ դեպքում ի՞նչ կարող է անել — ոչինչ, նա չի գանգատվում դատարանին, ըստ որում գիտե, որ ապարդյուն կանցնեն բոլոր ջանքերը առանց գրավոր ապացույցի իր վարձը տիրոջ վրա մնալը հաստատելու մասին, հետևաբար մնում է մշակին՝ թքել ու հեռանալ։ Նույնիսկ հայ գործարանատերերի կողմից ևս քիչ չեն պատահում