Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/385

Այս էջը սրբագրված է

օր վարձատրում է գործարանատերը խեղճ մշակին, այլ կարճառոտ կերպով կպատմեմ երկու նշանավոր դեպքեր, որոնց նմանը հազվագյուտ չեն մշակների կյանքում և վերջ կտամ իմ ներկա հոդվածին։ Այդ երկու դեպքերից մեկը պատմել է ինձ մի հայ գործարանատեր Աղ. Նաջարյան անունով, իսկ մյուսը արդեն հայտնի է Բաքվի հասարակության, գուցե տեղային լրագիրների միջոցով և ուրիշ հասարակություններին էլ։

Ահա պ. Նաջարյանի պատմածը։ Թուրք գործարանատերերից մեկը վարձում է մի մշակ նույնպես թուրք, սովորաբար առանց գրավոր պայմանագրության։ Անցնում են մի քանի ամիսներ, և մշակը, որ ամենայն օր թակի, ծեծի և հիշոցների է ենթարկված լինում գործարանատերից, վերջապես մի օր կամենում է թողնել վերջինին և վարձվել մի ուրիշ գործարանատերի մոտ։ Թուրք գործարանատերը չի ուզում արձակել մշակին, իսկ վերջինը հաստատ մնալով իր կամքին, առանց սպասելու իր վարձին, կամենում է հավաքել իր շորերը ու դուրս գալ. այդ ժամանակ գործարանատերը հրամայում է իր մյուս մշակներին կապել նրան մեկ սյունի վրա ու ծեծել։ Սկսվում է եզվիտական ինկվիզիցիան, և մշակի մարմինը փայտի անխնա հարվածների ուժից, զանազան տեղերից դուրս է հոսում արյուն, գոռոցի ձայնի վրա վազում են հարևան գործարանատերերը, որոնց թվում և պ. Նաջարյանը և ուշաթափ մշակին մերձիմահ խլում են գազանաբարո թուրք գործարանատերի ձեռքից։ Չորս ամիս անկողնում պառկելուց հետո, հազիվհազ վերականգնվում է նրա առողջությունը։

Երկրորդ դեպքը պատահում է Բալախանիում, և ահա ինչպես։ Մի հայ, Ադամյան ազգանունով, հանքատերի նավթային հորի երկաթի խողովակը, որի լայնությունը լինում է 16 դյույմ, 6 սաժեն խորութենում, չգիտեմ ինչպես, ծռվում է, որ սովորական է բոլոր նոր քանդվող հորերի համար։ Այդ ժամանակ հանքահորի կառավարիչ գործակատարը, փոխանակ այդ դեպքի համար նշանակված գործիքի, մի պատանի թուրք մշակի ձեռը տալով թոկի ծայրը, հրամայում է նրան իջնել խողովակի ներսը և ուղղել վերջինը։ Պատանի մշակը համաձայնում է և թոկի ծայրից բռնած իջնում է խողովակի