Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/39

Այս էջը սրբագրված է

հետո կիսախավարի մեջ երևան եկավ անիվի ձևով ոչխարենու մի գդակ։ Այնուհետև վերմակի վրա փռվեց մի երկար, թիաձև և բոլորովին սպիտակ մորուք։ Դա էր վանահայր Վարդան արքեպիսկոպոս Օձնեցին։

Գուցե ես միամիտ եմ կամ անփորձ, որ, շատ վարդապետների կամ եպիսկոպոսների կենցաղավարությանը ծանոթ լինելով, չհավատացի աչքերիս, տեսնելով մի յոթանասունեութ տարեկան արքեպիսկոպոս այդ խղճալի դրության մեջ։

Նա ձախ ձեռքով հովանավորեց աչքերը, նայեց մեզ վրա և աջ ձեռը տարածեց առաջ, մի ձեռք, որ մի ժամանակ եղել է Ներսես Աշտարակեցուն հալածողներից մինը։

Վանահայրը հրավիրեց մեզ նստել, հարցրեց մեր այցելության նպատակը, օրհնեց մեզ։

Նրա ականջները ծանր էին լսում՝ մենք ստիպված էինք ամեն մեկիս ազգանունը մի քանի անգամ կրկնել։ Ամենից դժվարն էր վանահոր համար սովորել Բաշինջաղյանի և իմ անունը։

— Բաշըն...Շերման...Բաշըն,..Շերմազ,— կրկնեց ծերունին մի քանի անգամ և, չկարողացավ մի բան հասկանալ, առաջարկեց, որ առավոտյան մի թղթի վրա գրենք մեր ազգանունները և տանք իրեն։

Հետո ծերունին հրամայեց իր սպասավորին սամովար պատրաստել, բարձի տակիցն էր, թե որտեղից հանեց մի կտոր շաքար և սկսեց ինքն իր ձեռքով կոտրտել մեզ համար։ Մենք խնդրեցինք, որ նեղություն չքաշի, նա վիրավորվեց և ասաց, թե մենք վանքի հյուրերն ենք, իրավունք չունենք հրաժարվելու «աստծո պաշտոնյայի» հյուրասիրությունից։ Ներողություն խնդրեց, որ չի կարող մեզ «ըստ կարգին» հյուրասիրել։

Շուտով մենք բարեկամացանք, և նա սկսեց պատմել մեզ համար իր կյանքից հետաքրքրական դեպքեր Ներսես Աշտարակեցու ժամանակից, հինգ վարդապետների հետ իր Պոլիս փախչելը, ետ գալը, կռիվը հայրենասեր կաթողիկոսի հետ և այլն և այլն։ Շատ հին ցավեր էին, որոնց մասին եթե