Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/397

Այս էջը սրբագրված է

չափ լցված են ավազով, Պ. Պոլեդիկան ասում էր, որ ավազի փոխարեն, այդ նավերը կարող են վերադառնալու ժամանակ Վոլգա գետի ջրով լցվել և բերել Բաքու։ Այդ ջուրը գալով նավթային նավերով, իհարկե, անօգուտ է տնային գործածության համար, բայց նա կարող է օգտավետ լինել Բաքվի բուսականության համար։ Քաղաքին այդ ջուրը շատ թանկ չի արժենար Բավական է ծովեզրում դնել մի ահագին շոգեշարժ մեքենա և այդ մեքենայի միջոցով ջուրը նավերից ցրել Բաքվի շրջակայքը, ուր այդ ժամանակ կարելի կլինի այգիներ ձգելով գոյացնել արվեստական բուսականություն։

Սակայն այդ միջոցը Բաքվի քաղաքային վարչությունը գտավ դժվար իրագործելի։ Ներկայումս նա դիմել է ավելի հիմնավոր և հեշտ միջոցի, այն է՝ քաղաքի շրջակայքում փորել տալ բազմաթիվ ջրհորներ և այդտեղից խողովակների միջոցով ջուրը թե՞ բաժանել քաղաքի մեջ բնակիչներին և թե տարածել շրջակայքը. Այդ նպատակով այժմ քաղաքային վարչությունը բանակցություն է բացել Եվրոպայի հայտնի ինժեներ Մասկլեի հետ, որի միջոցով նա մտադիր է ջրանցքը կառուցանել Բաքվում։ Այդպիսով, շատ կարելի է, որ Բաքուն ավելի շատ ունենա ջրանցք, քան թե Թիֆլիսը։


Բացի դորանից, քաղաքային դուման արդեն վճռել է կառուցանել ձիաքարշ երկաթուղի, թեև դորա բացակայությունը այնքան էլ շոշափելի չէ բնակիչների համար, շնորհիվ անթիվ կառքերի, որոնց գինը շատ ավելի աժան է, քան թե Թիֆլիսում։

Չնայելով, որ փողոցային լուսավորությունը նավթի առատության շնորհիվ երեք անգամ զորեղ է, քան թե Թիֆլիսում, Բաքուն չի բավականանում դրանով։ Քաղաքային վարչությունը արդեն բանակցություն ունի մի քանի մասնագետների հետ քաղաքի մեջ էլեկտրական լուսավորություն մտցնելու։ Էլեկտրական լուսավորությունը Բաքվի համար մի զարմանալի նորություն չի կարող համարվել, ըստ որում նույնիսկ ներկայումս Նոբելի, Շիբաևի և մի քանի ուրիշ գլխավոր նավթային գործարաններ լուսավորվում են էլեկտրականությամբ։ Սակայն Բաքվի նման երիտասարդ քաղաքի համար դա առ ժամանակ շռայլություն պիտի համարած, և պրոֆ. Լիսենկոն