Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/398

Այս էջը սրբագրված է

այդ շռայլությունը չի ներում նորան։ «էլեկտրականությունը, ասում է հարգելի պրոֆեսորը, նավթային լուսավորության սաստիկ թշնամի է, և այժմ այդ երկու տարրերը իրարու հետ սաստիկ մրցման մեջ են։ Բաքվի նման քաղաքին, որ ձգտում է նպաստել յուր տեղական նավթային արդյունաբերության հառաջադիմության, աններելի է առավելություն տալ էլեկտրականության, այնինչ նավթային լուսավորությունը նորա համար անհամեմատ հարմարավոր է և աժան։ Բայց Բաքվի քաղաքային վարչության այդ դիտավորությունը վերագրելի է այն հանգամանքին, որ Բաքուն հարուստ քաղաք է, ուրեմն և ազատ է մտցնել այդտեղ ամենայն մի առաջնակարգ բարենորոգություն։ Բաքուն, որ առնվազն երեք անգամ փոքր է Թիֆլիսից յուր մեծությամբ, տարեկան 400 հազար եկամուտ ունի և չունի ոչ մի կոպեկ պարտք։ Նամանավանդ ամենայն հաջող հանգամանքներ հույս են տալիս, որ մոտիկ ապագայում այդ եկամուտը կարող է կրկնապատկվել, եթե միայն նավթային արդյունաբերությունը, որ քաղաքի տնտեսական հառաջադիմության գլխավոր միջոցն է, կընթանա նույն շավղով, որով ընթանում է այժմ, այսինքն, եթե բնությունը կշարունակի արտադրել յուր բերքը նույն առատությամբ, ինչպես այժմ»։

Մենք հեռու ենք այժմյան Բաքուն լիակատար նկարագրելու դիտավորությունից, միայն ներկա հոդվածով մտադիր էինք մեր ընթերցողին մի ընդհանուր հասկացողություն տալ այդ անդրկովկասյան առաջնակարգ քաղաքի մասին, որպեսզի նա կարողանա մի գաղափար կազմել, թե որքան մի երկիր կարող է հառաջադիմել, երբ նորա տնտեսական վիճակը կապված է բնական առատ բերքերի մշակելուց։ Բայց խոսելով Բաքվի միայն արտաքին տնտեսական զարգացման մասին, մենք շատ միակողմանի տեղեկություն կտայինք ընթերցողին, եթե լռությամբ անցնեինք նավթային արդյունաբերությունը և Բաքվի ներքին բարոյական կյանքը։ Այդ պատճառով ներկա հոդվածը ընդունելով իբրև մի թեթև հառաջաբան, խոստանում ենք նվիրել այդ հարցին մի շարք հոդվածներ։ Մենք կաշխատենք մանրամասն ծանոթացնել ընթերցողին նախ նավթային արդյունաբերության ներկա դրության հետ և ապա կխոսենք, թե ինչ նյութական և բարոյական նշանակություն