օրվա, նույնպես և Գեղամ վարդապետի նախընթաց օրվա ոգևորիչ պատմությունները Գուգարքի հայ ժողովրդի քաջասրտության և անվեհերության մասին։ Այս խոսակցությունը ծագում էր բնականաբար, որովհետև այն ժամանակ, ինչպես և այժմ, ամբողջ Լոռվա գավառը սարսափի մեջ էր մի քանի խումբ ավազակներից։ Թիֆլիսից մինչև Շուլավեր և Շուլավերից մինչև Հաղբատ ու Սանահին մեզ հանդիպող գյուղացիները անդադար պատմում էին ամեն օր կատարվող սպանությունների և կողոպտումների մասին։ Ինչպե՞ս չհետաքրքրվեինք իմանալ, արդյոք գյուղացիները գիտե՞ն պաշտպանվել ավազակներից...
— Գիտեն,— պատասխանում էին մեզ գրգռված թե՛ Գեղամ վարդապետը և թե՛ Երզնկյանցը.— Ո՞վ ինչպես, բայց Գուգարաց աշխարհի գյուղացիները դեռ մի բան էլ ավելի գիտեն, քան սոսկ պաշտպանվել։ Հապա թող ձեր Հարամը իր խմբով մի անգամ ոտք դնի մեր կողմերը... տես, թե ինչ կանեն «արյունակեր» աղքեորփեցիք, «սամի-ղռան» ագորեցիք, «հարսնասիրուն» սանահնեցիք, «հոթիսակեր» դսեղեցիք, «խլեզախորով» ղաչաղանցիք, «փիչխուլ ուտող»՝ հաղբատեցիք, «լոթի֊փոթի», «անուշախում» շուլավերցիք, «գոմշաբերան» ամոճեցիք, «ջրչոր էլած» ծաթերցիք, «պատարագի հասրաթ», «կիսատ խոսող» որնակցիք, «կճիռդատող» մարձցիք, «աղքատ սիրող» հոբարցիք, «մատաղ ուտող» արդուեցիք և այլն և այլն։
«Օ՜ն ի թռույթ»:
Առաջին վայրկյան չիմացա, երազումս, թե իրապես, լսեցի այս խոսքերը։
Աչքերս բաց արի, աջ նայեցի, մեր ուղեկից իշխանը վերմակի մեջ փաթաթված, թավալվել էր սենյակի մի անկյունում, ինչպես բամբակի թելի կծիկ։ Թվում էր, որ նա աշխարհի կազմակերպությունից խիստ է դժգոհ, խռովել է և հավիտյան չպիտի հաշտվի նրա հետ։ Դեպի ձախ նայեցի, պատուհանի կոտրտված ապակիների միջով տեսա, որ գյուղի հարսն ու աղջիկ հավաքվել են աղբյուրից ջուր տանելու։ Պառավները պղնձե սափորները լցրած մի կողմ դրած, գիշերվա իրենց երազն էին պատմում միմյանց, երիտասարդները