Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/412

Այս էջը սրբագրված է

թյունից, անցան մասնավոր անձանց ձեռք, և տեղացիները հետևեցին Կոկորևի օրինակին։ Սունկերի նման ֆոտոգենի գործարանները սկսեցին աճել մինչև յոթանասունական թվականները։ Այստեղ երևան եկան տեղացիների եռանդը և գործունեությունը, բայց նոքա ինքնուրույն չէին, այլ արտաքին, ստիպողական։ Բնությունը, ինքը յուր գանձը բացած, հրավիրում էր նոցա օգտվել այդ գանձով և, տեղացիները միանգամայն խուլ պիտի լինեին, որ չլսեին այդ հրավերը։ Չկային օտար ուժեր, ասպարիզում գործում էին միայն տեղացիները, ուրեմն շատ բնական էր, որ այդպես թե այնպես նոքա ստիպված էին գործելու։ Բայց ո՞վքեր էին այդ տեղացիները։ — Մեծ մասամբ չարչիներ, գործակատարներ, երկրագործ գյուղացիներ, որոնք հանգամանքների բերմամբ հանկարծ դարձան արդյունաբերներ։ Ի՞նչպես կարողացան այդպիսի մարդիկ, որոնք մեծ մասամբ զուրկ էին հասարակ գրագիտությունից անգամ, առաջ տանել մի արդյունաբերություն, որի հաջող գոյությունը պայմանավորված է գիտության հետ։ — Այնպես, ինչպես նոքա առաջ տարին մինչև յոթանասունական թվականների սկիզբը։ Մինչդեռ բնությունը անխնա ուժերով դուրս էր հոսում յուր առատ բերքը — սև նավթը, Ռուսաստանում և նույնիսկ Կովկասի մի քանի տեղերում բնակիչները գործ էին ածում ամերիկական ֆոտոգենը։ Արդյունաբերությունը գտնվելով տգետ տեղացիների ձեռքում, Բաքվի ֆոտոգենը թե յուր ստոր հատկությամբ և թե թանկությամբ անկարող էր Ռուսաստանում մրցել ամերիկականի հետ։ Ոչ ոք տեղացիներից չէր մտածում արդյունաբերական պայմանները կատարելագործել մի կողմից՝ հօգուտ արդյունաբերության ապագայի, մյուս կողմից՝ հօգուտ սպառողների։ Ամեն ոք գոհ էր յուր վիճակով և ինչպես գոհ չլիներ, քանի որ երեկվա տկլոր գործակատարը այսօր տասնյակ հազարների տեր էր դառել։ Իսկ հայտնի է, որ երբ մարդիկ բոլորովին գոհ են լինում իրանց բախտով՝ նոքա չեն կարող ոչ մի հառաջադիմություն անել, կմնան անշարժության մեջ։ Այդպես էին և տեղացները, որոնց միանգամայն շլացրել էր անսպասելի հարստությունը և նոքա նմանում էին այն բանտարկյալին, որոնք, երկար տարիներ մնալով խավար բանտում և հանկարծ լույս