Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/415

Այս էջը սրբագրված է

անգլիացիք եվրոպական ամենալուսավորված ազգերից մեկը չլինեին, արդյունաբերությունը նորանում չէր կարող հասնել զարգացման այն աստիճանին, որի վերա նա գտնվում է ներկայումս։ Իսկ նավթային արդյունաբերությունը ներկայումս կարելի է հավասարել անգլիական արդյունաբերության որ ճյուղի հետ որ կամենաք։ Ինչպես այնտեղ, այստեղ ևս այժմ անհրաժեշտ են մեծ դրամ, գիտություն կամ գոնե ընկերական ոգի, որից տակավին մեծ մասամբ զուրկ են տեղացիները։ Ահա այդ է պատճառը, որ ինչպես մենք նկատում ենք, այսօր նոցա ձեռքից հետզհետե դուրս է գալիս նավթային արդյունաբերությունը և ընկնում Նոբելի և ուրիշ մի քանի դրամատերերի ձեռքը։ Դա լոկ խոսք չէ, այլ հաստատ իրողություն, որին ապացույց կարող է լինել այն, որ այս տարվա դեպի Ռուսաստան դուրս հանվելի 24 միլիոն փութ ֆոտոգենի քանակության հավասար կեսը պատրաստում է Նոբելի գործարանը: Իսկ մյուս կեսի մասը կպատրաստեն մնացյալ գլխավոր ֆիրմաները։ Ի՞նչ է մնում տեղացիների հարյուրավոր գործարանների համար։ Համեմատաբար շատ չնչին քանակություն, դիցուք, մի հինգ կամ վեց միլիոն փութ։ Սակայն այդ հինգ կամ վեց միլիոն փութն էլ տեղացի մանր գործարանատերերը արդյունահանում են ոչ թե ինքնուրույն, այսինքն՝ իրանց սեփական միջոցներով, այլ նույնպես մեծ ֆիրմաների միջնորդությամբ, որոնք ունին տեղափոխելու հարկավոր միջոցներ, որոնք են հեղալից նավեր, երկաթի ամբարանոցներ և վերջապես դրամ։ Իսկ այդ միջնորդությունը շատ թանկ է նստում մանր գործարանատերերի համար, ըստ նորանց այն չափով, որ չափով իրանց խիղճը թելադրում է։ Մեծ ֆիրմաները մանր գործարանատերերին նշանակում են մի հայտնի գին, իհարկե, որքան հնարավոր է ստոր գին, և վերջինները, եթե կամենան, կարող են վաճառել այդ գնով, իսկ եթե ոչ, թող մնան անգործ։ Ի՞նչ պիտի անեն նոքա, որ չվճարեն, ուրիշ ի՞նչ զենք ունին, որով կարողանան պաշտպանվիլ այո հարստահարության դեմ: Ոչինչ, և մանր գործարանատերերը գիտեն իրենց այդ անզորությունը, վասն որո ստիպված են գլուխ խոնարհեցնել մեծ ֆիրմաների հարվածների ներքո։ Իսկ այդ հարվածների հետևանքները հենց նույնիսկ այսօր նշմարելի են