ռուբլու չափ եկամուտ է տալիս, որը հեռավոր անգլիացիների ուշադրությունն է գրավել և որը մինչև անգամ ունի յուր սեփական գրականությունը, չի կարողանում միայն համրաշարժ անդրկովկասցու լուրջ ուշադրությունը գրավել։ Դա միանգամայն ցավալի մի երևույթ է և ցույց է տալիս, թե դեռ որքան մենք անպատրաստ ենք արդյունաբերական կյանքին։ Ասում ենք, որ մեր երկիրը հարուստ է և թույլ ենք տալիս, որ այդ հարստությամբ օգտվեն նոբելներ, սիմենսներ, կուչնեբախներ, ցավերբախներ և այլն։ Բայց կանգնենք, եթե ոչ մենք այդպիսով շատ հեռու կգնանք և, մեր խոսքը երկարացնելով, ընթերցողին ձանձրություն կպատճառենք։ Հետևյալ անգամ դարձյալ կդառնանք տեղացիների դրության, որի ներկան և ապագան բացատրելը մեր հոդվածների գլխավոր նպատակն է։
ՎՆԱՍԱԿԱՐ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ
«Արձագանք»֊ի անցյալ համարներում «Բաքու» վերնագրով հոդվածներում խոսելով նավթային արդյունաբերության մասին, մենք ընթերցողին խոստացանք բացատրել, թե ինչ բարոյական հեղափոխություն ձգեց տեղացիների կյանքի մեջ նոցա տնտեսական վիճակի հանկարծակի փոփոխությունը։ Կատարում ենք մեր խոստումը, մի փոքր ընդարձակելով մեր միտքը:
Թե տնտեսական միջոցները կազմում են մարդկային կյանքի ընդհանուր բարելավության գլխավոր հիմունքը, այդ այնքան պարզ և անհերքելի մի միտք է, որ կարոտ չէ մանրամասն բացատրության։ Եվ այդ միտքը որքան իրավացի է անհատական կյանքի վերաբերմամբ, նույնքան նորան պիտի իրավացի համարել և ամենայն միաժողովրդի կամ հասարակության վերաբերմամբ։ Ինչպես անհատի լավ կամ վատ գոյությունը սուր կապերով կապված է նորա տնտեսական միջոցների հետ, նույնպե և մի ժողովրդի գոյությունն է կապված այդ միջոցների հետ։ Սակայն գլխավոր և մեզ հետաքրքրող խնդիրը նորանում է, որ,«լավ կամ վատ գոյություն» անելով մենք աչքի առաջ ունենք ոչ միայն այդ