Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/423

Այս էջը սրբագրված է

այն վտանգավոր բարոյական փոփոխությունները, որոնք տնտեսական դրության հանկարծակի փոփոխությունը մտցրել է Բաքվի տեղացիների կյանքի մեջ, բայց և այնպես կարծում ենք, որ մեր այդ մի քանի ընդհանուր նկատողությունները բավական են, որպեսզի ընթերցողը փոքրիշատե որոշ գաղափար կազմե նոցա ներկա կյանքի մասին։ Մեր ասածները վերաբերվում են բաքուցիների ներքին ընտանեկան կյանքին, գալով նոցա ընկերական, հասարակական և արտաքին կյանքին, այստեղ նույնպես նկատելի է անմխիթար փոփոխություն։ Հանկարծակի հարստացած բաքուցին ընկերական կյանքում կոպիտ, հանդուգն, ինքնագոհ և համառ է։ Նա շատ քիչ հասկացողություն ունի հասարակ քաղաքավարության մասին և եթե այդ կողմից կացել է մի բան ընդունել քաղաքակրթված օտարներից, դա մի քանի արտաքին աննշան ձևեր են հագուստի, շարժողության և այլ այդպիսի չնչին բաների վերաբերությամբ։ Սակայն այդ արտաքին փոփոխությունները ևս միասին գումարած ներկայացնում են շատ անգամ հույժ ծիծաղելի պատկեր։ Բաքուցին հագնվում է շատ հարուստ, շռայլ, բայց առանց որևէ ճաշակի։ Օրինակ, դուք կտեսնեք նորան ահագին քարերով ոսկյա մատանիների վերա ձեռքերին հագած կեղտոտ ձեռնոցները, փորը շղթայած կես գրվանքանոց ոսկե ժամացույցի հաստ ոսկյա շղթայով և այլն և այլն։ Պատահում է նույնպես, որ բաքուցին, չբավականանալով յուր մատերի վերա շարած մատանիներով, մի քանիսն էլ գրպանումն է հետը պահում, որ տեղը ընկած ժամանակ յուր շռայլությունը հաստատելու համար ցույց տա սորան ու նորան։ Սոցա նման ծիծաղելի պատկեր ներկայացնում են և նորա շարժվածքը, խոսակցության եղանակը, երբ նա գտնվում է հասարակաբան շրջանում։ Այստեղ ակնհայտ երևում են օտարներից կապիկությամբ գողացած արտաքին ձևերը, որոնք այնքան սազ են գալիս նորան, որքան կարող են սազ գալ, դիցուք, ակնոցները խոզին։

Կարծում ենք, որ ընթերցողին չձանձրացնելու համարայդքանը բավական է արագ հարստացած բաքուցի տեղացիների կյանքի վերաբերությամբ։ Այն, ինչ որ ներկայացնում է