վաճառականը մեր մեջ միակ տարրն է, որ ստեպ֊ստեպ շփվում է օտարների հետ աշխարհի զանազան կողմերում։ Այս պատճառով նա մի տեսակ նմուշ է, որի համեմատ օտարազգիները այսպես թե այնպես գաղափար են կազմում հայ ազգության մասին։
Բուն ժողովուրդը, որ կազմում է գյուղական հասարակությունը, այստեղ և այնտեղ անջատված ապրելով յուր բուն մայրենի հողի վերա, չունե հարաբերության լուսավորված երկրների հետ։ Ուստի շատ անգամ նորա գոյությունը չի էլ հիշվում քաղաքակրթված օտարների կողմից։
Նույնը կարելի է ասել և մեր ժողովրդի մյուս դասակարգի՝ արհեստավորների մասին։ Այս երկու մաքուր տարրերը, որոնցից է իսկապես բաղկացած հայ ազգը, օտարների աչքում մի տեսակ մութ պատկեր են ներկայացնում, որի վարագույրները դեռ մինչև այսօր շարունակվում է փակ մնալ։ Մնում է, բացի վաճառականներից, մեր լուսավորված դասակարգը, որ փոքրիշատե շփվում է օտարների հետ։ Բայց այդ շփումը այնքան աննշան է առայժմ, որ հազիվ թե ամբողջ ազգի քաղաքական , տնտեսական և մտավոր-բարոյական վիճակը կարող է նորանով լիովին պարզվել օտարների աչքում։ Կրկնում ենք, դեռ մինչև այսօր միայն վաճառական դասակարգն է, այսպես ասած, համաշխարհային հանդիսավայրում մեր գլխավոր ներկայացուցիչը, մեր գոյության կենդանի ապացույցը։
Այդ ճշմարտություն է, բայց դառն և ցավալի ճշմարտություն։ Ունենալ օտարի առջև մի պատմական ազգի գոյության ներկայացուցիչ մի դասակարգ, որի կյանքի նպատակը լոկ նյութականն է, այդ ո՛չ միայն ցավալի է, այլև վնասակար։ Իսկ ունենալ հայ վաճառականի նման մի ներկայացուցիչ, այդ կատարյալ մի դժբախտություն է։ —Մի դժբախտություն, որ այսօր անողոք ճակատագիրը վիճակել է հայ ազգին։ Հայ վաճառականը հայ ազգի կատարյալ թշնամին է, և մենք կասենք, որ չկա ավելի վտանգավոր, ավելի անխիղճ և ավելի բարբարոս թշնամի, քան թե նա։ Մենք չենք խոսում նորա ներքին կացության, նորա վնասակար ազդեցության մասին յուր շրջապատող ժողովրդի վերա։ Այստեղ