Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/430

Այս էջը հաստատված է

անում հայի անունը: Եվ ահա ինչու մենք անվանեցինք վաճառականին հայ ազգի կատաղի թշնամի։ Պետք է ամենայն կերպ հարվածել այդ կեղտոտ ապականված մարմինը, որ չարաչար վնասներ է գործել մինչև այժմ և դեռ շարունակում է գործել: Մենք առայժմ մատնացույց արինք այդ վնասներից մի քանիսը միայն, բայց դեռ առիթ կունենանք դառնալ այդ նշանավոր հարցին։

II

Շարունակենք մեր նշտրակը ավելի խորը մտցնել հայ մարմնի այն թարախալից պալարի մեջ, որ անվանվում է վաճառականություն։

Ամեն մի ճշմարիտ համոզմունք, առհասարակ, կազմվում է լրացուցիչ փաստերի զորությամբ։ Եթե հիմունք չունենայինք, մենք ներկա հոդվածների վերնագրով չէինք մկրտիլ մեր հասարակության մի ահագին դասակարգ—վաճառականներին։ Իրավ, հայ վաճառականներին մենք համարում ենք հայ ազգի կատաղի թշնամի այն բազմաթիվ փաստերի հիման վերա, որ ամեն օր տեղի ունին մեր շուրջը։ Անցյալ անգամ մենք մատնացույց արինք այդ փաստերի միայն մի հայտնի մասը։ Բայց կան ավելի զորեղները, և մենք հետզհետե կխոսենք նոցա մասին։

Որքան հայ վաճառականը յուր հայրենիքից դուրս, ճանապարհորդության ժամանակ ապականված է, կրկնակի վատթար է նա յուր բնակավայրում, (չենք ասում հայրենիքում, մեր վաճառականը հայրենիք չունի) յուր գործունեության, այսպես ասենք, բուն պատվանդանի վերա։ Այստեղ արդեն հայ վաճառականը,—լինի նա փերեզակ, վաշխառու, դրամատեր թե կապալառու,—յուրաքանչյուր մտածող մարդու առջև ներկայացնում է իբրև մի իրականացած զզվանք։ Նորա կազմը բովանդակ նեխված է. անհնարին է գտնել մի առողջ տեդ այդ կազմի մեջ, որի վերա կարելի լինի մատ դնել և ետ վերցնել չապականված։ Եվ այդ մարմինը մանավանդ գարշ տեսարան է պատկերացնում մեծամեծ քաղաքներում՝ սկսած Պոլսից մինչև Թիֆլիսը։ Փերեզակ-մանրավաճառը՝ կոպիտ,